UFC-ի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին Վրաստանում է։ Սեպտեմբերի 29-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են երկրպագուները, որից հետո Դվալիշվիլին գնացել է ֆիլհարմոնիա, որտեղ երկրպագուներին է ներկայացրել իր չեմպիոնական գոտին։
«Սրա հետ ոչինչ չի կարող համեմատվել, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին, և սա իմն է ու ուզում եմ վրացիների հետ միասին զգալ այս հաղթանակը։ Ոչ մի տեղ հաղթանակը չի զգացվում այնպես, ինչպես հայրենիքում։ Շնորհակալություն բոլորին, սա մեր ընդհանուր հաղթանակն է, և ես ձեզ խոստանում եմ, որ կանեմ այն, ինչ պետք է անել ևս շատ անգամներ»,- օդանավակայանում ասել է Դվալիշվիլին։
Առաջիկա օրերին նախատեսվում են Վրաստանի UFC չեմպիոնի մամուլի ասուլիսը և այլ միջոցառումներ։
Ի դեպ, սեպտեմբերի 15-ին Դվալիշվիլին UFC 306-ի չեմպիոնական մենամարտում հաղթեց գործող չեմպիոն Շոն Օ՛Մալիին և նվաճեց UFC-ի գերթեթև քաշային գոտին։ Դվալիշվիլին երկրորդ վրացի մարտիկն է, որ դարձել է UFC-ի չեմպիոն։ 2024 թվականի փետրվարին Իլիա Թոփուրիան դարձավ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն։