ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թումանյան 150. Թբիլիսիում հիշեցին և կարևորեցին մեծ բանաստեղծի գործունեությունը

Շուրջ մեկուկես դար միավորել երկու՝ հայ և վրաց ժողովուրդներին ու իր կենդանի ներկայությունը թողնել երկու պետություններում։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թբիլիսիում այսօր թևածում էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շունչը ու երկու երկրներում նշվում էր մեծն բանաստեղծի հոբելյանը։

Մեծն լոռեցու 150-ամյակի կապակցությամբ միջոցառումների շարքը մեկնարկեց փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը՝ Երևանում, ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Լոռվա Դսեղում, ինչպես նաև Թբիլիսիում, որտեղ նա ապրել ու արարել է՝ դառնալով հայ և վրացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ, երկու երկրների գրականությունները կապող կամրջի հիմնադիրը:

Հոգեհանգստի կարգ Թումանյանի շիրիմի մոտ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Թումանյանի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ:

Posted by Aliq Media on Tuesday, February 19, 2019

Թբիլիսիում նախատեսված միջոցառումները մեկնարկեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հոգեհանգստի կարգից հետո հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Թումանյանի շիրիմին, իսկ օրը համեմվեց գիրք նվիրելու ավանդույթով. կյանքից հեռացած գրող, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի դստրերը շարունակելով վերջինիս՝ Վրաստանում սերմանած ավանդույթը, գրքեր նվիրեցին ներկաներին:

Տոնը շարունակվեց Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ սրահում՝ այստեղ ներկայացված էր Վրաստանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը՝ «Թումանյանի հետքերով» խորագրով: Միկոյանցն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ դահլիճի մի կողմում ներկայացված է Հայաստանը՝ Լոռվա Դսեղը, մյուսում՝ Վրաստանը, սա կարծես Թումանյանի երկու կողմն է, Թումանյանի կյանքի երկու հանգրվանները:

 

«Թումանյանը 40 տարի ապրել է Թբիլիսիում և շատ սիրված է եղել ինչպես հայերիմ այնպես էլ վրացիների կողմից։ Վրաց պոետներ, մտավորական գործիչներ նվիրել են բանաստեղծություններ Թումանյանին, իսկ ինքը՝ Թումանյանը 30-ից ավելի հոդված ու գործ է նվիրել վրաց ժողովրդին: Երբ խորհրդային տարիներին Թումանյանին Հայաստանն արդեն նշանակել էր կենսաթոշակ, նույնն անում է նաև Վրաստանը, ինչը շատ զարմացնում է Թումանյանին և նա անմիջապես այդ գումարը՝ շնորհակալություն հայտնելով փոխանցոմ է Վրաստանի մանկատներին»,- մեզ հետ զրույցում ասում է Երևանից հրավիրված բանասեր, թումանյանագետ Սուսաննա Գրիգորյանը:

Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորանքներ էին հղել ՀՀ և Վրաստանի նախագահները: ՀՀ նախագահի խոսքը փոխանցեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

«Թումանյանն իր բարձունքի վրա էր երեկ, այնտեղ է այսօր, այնտեղ է լինելու նաև վաղը: Լինելով բարձունքում Թումանյանը երբեք բարձունքից չի նայել իր ժողովրդին, որովհետև սնվել է նրանից, ապրել նրա մեջ և խոսել նրա մասին: Թումանյանի ստեղծագործությունները միայն համաժողովրդական և համահայկական չեն, դրանք համամարդկային են»,- նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

«Վրաստանի համար մեծ նշանակություն ունի, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանական ամսաթիվը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության օրացույցում: Վրաց հանրության համար նրա գործունեությունը կարևորագույն նշանակություն ունի: Նրա գործունեությունը վրաց և հայ հանրության էլ ավելի սերտ կապերի հիմք է»,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքը փոխանցելով՝ նշեց նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան:

Հյուրերի շարքում էին հասարակական և քաղաքական գործիչներ Վրաստանից, ինչպես նաև ՀՀ-ից ժամանած հոբելյանական հանձնաժողովի նախագահ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: