Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Տեղեկությունը տարածում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։
Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ», — ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Իրավիճակը վրաց-հայկական սահման տանող՝ կարանտինային գոտի Մառնեուլիում
Posted by Aliq Media on Monday, March 23, 2020
Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինային ռեժիմի հետ կապված Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Հայտնում ենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։