
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Թբիլիսիի Ջավախիշվիլի փողոցում (Էլբակիձեի զառիվեր) բերման է ենթարկվել քննադատական TV Pirveli հեռուստաընկերության (ՀԸ) օպերատոր Լաշա Ջիոշվիլին, հայտնել է ՀԸ-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ օպերատորին տարել են սև դիմակներով անձինք։
Ականատես Քեթի Ծուլուկիձեն Facebook-ում հրապարակել է միջադեպի տեսանյութը։ Կադրերում երևում է, որ քաղաքացիական հագուստով և դեմքը ծածկած մոտ տասը մարդ Լաշա Ջիոշվիլիին մեքենա են նստեցրել։ Նրանցից մեկն ասել է, որ իրենք ոստիկանությունից են։
Մեկ այլ ականատեսի՝ Թակո Խելաձեի նկարահանած տեսանյութում Լաշա Ջիոշվիլին ինքնությունը հարցնելուց հետո ասում է՝ «Իմ գրպանը ինչ-որ բան են դնում»։
Ականատես Քեթի Ծուլուկիձեն TV Pirveli-ին պատմել է, որ եվրոպամետ բողոքի ցույցից հեռանալիս տեսել են դրոշը վրան վազող մի տղայի, ում առնվազն 10 մարդ է հետապնդել:
Բերման ենթարկված Ջիոշվիլիի գտնվելու վայրը մի քանի ժամ անհայտ էր, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նա գտնվում է Զահեսիի մեկուսարանում։
TV Pirveli-ի օպերատորը նամակ է հղել եվրոպացիներին, որը մեկուսարանից դուրս է բերել փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլին: