«TV Պիրվելի»-ի լրագրողին ևս արգելել են աշխատել խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման նախագահ Սոզար Սուբարիի խնդրանքով «TV Պիրվելի»-ի լրագրող Նատա Քաջաիայի համար մեկ ամսով դադարեցվել է խորհրդարանում աշխատելու հավատարմագրումը։

Ըստ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Նոդար Մելաձեի՝ խորհրդարանի նախագահի կողմից հաստատված «ռեպրեսիվ կանոնները» պատգամավորների կողմից չարաշահվում են, ինչը վտանգավոր նախադեպեր է ստեղծել։ Մելաձեն հրապարակել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեի նամակը, որում նա լրագրողին հայտնել է որոշման մասին։

Ուշագրավ է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ծիլոսանիի խնդրանքով՝ ևս երկու լրագրողների համար դադարեցվել է խորհրդարանում աշխատանքի հավատարմագրումը:

Հիշեցնենք. խորհրդարանում լրագրողների աշխատանքի կանոնները սահմանել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Փաստաթուղթը գործում է անցյալ տարվա մարտի 1-ից։ Կանոնների համաձայն, եթե պատգամավորը հրաժարվի մեկնաբանություններից, իսկ լրագրողը շարունակի հարց տալ, ապա վերջինիս աշխատանքը խորհրդարանում կարող են սահմանափակել:

Խորհրդարանի փոխխոսնակի պահանջով լրագրողներին արգելել են աշխատել խորհրդարանում