«Տուն՝ դեպի Եվրոպա». հանրահավաքի արձագանքներն ամփոփ

Հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց անցկացվեց «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման նախաձեռնած «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը:

Բազմամարդ հանրահավաքին հնչած հայտարարությունները լայն քննարկումների առիթ են դարձել:

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասի խոսքով՝ երեկվա խաղաղ ու օրինական բողոքի ակցիան շատ հետաքրքիր էր, գերազանց մոբիլիզացիա և տոկունություն կար:

Նրա խոսքով՝ այն, ինչ Եվրամիությունն առաջարկել է Վրաստանին՝ եվրոպական հեռանկարը, շատ կարևոր առաջընթաց է։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ասել է, որ Վրաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին, քանի որ «նրա ժողովուրդն է դա ասում»։

Ֆոն Կրամոնն այսօր տեսանյութ է հրապարակել՝ մակագրելով՝ «Սա եվրոպական սիրտ, եվրոպական արժեքներ և եվրոպական ապագա ունեցող ժողովուրդ է։ Ոչ մի քաղաքական կամ արտաքին ուժ դա չի կարող փոխել»։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության` «Վրացական երազանք» կուսակցության անդամ Բեքա Դավիթուլիանին նշել է, որ «հանրահավաքին մասնակցել են տարբեր կուսակցությունների ընտրողներ, այդ թվում՝ իր ընկերները, ովքեր «Վրացական երազանքի» ընտրողներ են»:

Դավիթուլիանիի խոսքով, հանրահավաքի կազմակերպիչները տարբեր կուսակցությունների հետ կապված մարդիկ են եղել.

«Դա հասարակության բավականին մեծ հատվածն էր, որը եկել էր ավելի շատ կուսակցական ծրագրերով»:

«Վրացական երազանք»-ի մեկ այլ պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն նույնպես համամիտ է գործընկերոջ հետ.

«Իսկապես, փորձեր կային որոշակի գործունեություն ծավալել նեղ կուսակցական նպատակներով»:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Սարջվելաձեն, շատերը հանրահավաքին եկել էին անկեղծ նպատակով՝ հայտնելու իրենց դիրքորոշումը, որն է` եվրոպական ապագան, սակայն նրանց մեծ մասը պայմանավորված էր նեղ կուսակցական շահերով։

Մեծամասնության անդամի խոսքով՝ «Վրացական երազանքը» 10 տարի է, ինչ հետևում է երկրի եվրոպական ուղուն:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին հանրահավաքից հետո գրել էր, որ հանրահավաքին մարզերից մոբիլիզացիա չկար, ժողովրդի` վրաց ազգի կամքը միանշանակ է, ինչը հստակորեն հաստատվեց հանրահավաքով։

«Վրաստանը Եվրոպա էր, Եվրոպա է, և կլինի Եվրոպա, և շնորհակալություն բոլորին, ովքեր հստակ տեսնում և կիսում են մեր հայրենիքի եվրոպական ապագան»,- գրել է Մելաշվիլին:

«Ֆրանս-պրես» պարբերականը արձագանքելով ցույցին գրել է, որ տասնյակ հազարավոր վրացիներ դուրս են եկել փողոց՝ աջակցելու ԵՄ անդամակցությանը այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել հետաձգել Թբիլիսիին թեկնածուի կարգավիճակի տրամադրումը.

«Մոտ 60 հազար ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի դիմաց՝ ծածանելով Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները` «Տուն՝ դեպի Եվրոպա» կոչվող ցույցի ժամանակ»:

«Եվրոնյուզը» գրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի նպատակն էր ազդանշան ուղարկել Բրյուսելին՝ այն ֆոնին, որ ԵՄ առաջնորդներն այս շաբաթ պետք է մտածեն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

Ըստ՝ հրատարակության Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին առաջարկել «ԵՄ անդամակցության հեռանկար», կարգավիճակ, որն իրավական արժեք չունի։

Euractiv պարբերականն էլ նկատել է, որ Վրաստանի առաջատար դեմոկրատական ​​խմբերը Թբիլիսիում կոչ են արել «առաջ Եվրոպա» հանրահավաք անցկացնել՝ «ցույց տալու վրաց ժողովրդի հավատարմությունը իր եվրոպական ընտրությանը և արևմտյան արժեքներին», և ստացել են երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը:

Երեկվա ցույցը արժանապատիվ և խաղաղ էր. ԵՄ դեսպասն

 

Կոբախիձեի արձագանքը «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցին

 

Եվրոպան մեր տունն է․ ցույցը շարունակվում է