Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք անկախ հեռուստաընկերությունների (ՀԸ)՝ «Ֆորմուլա», «Մթավարի արխի» և «TV Պիրվելի», որոնք հրաժարվել են եթեր հեռարձակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական հոլովակը, տուգանել է 5000-ական լարիի չափով։
ՀԸ-ները «Վրացական երազանք»-ի տեսահոլովակն ու պաստառները, որտեղ համեմատվում են Վրաստանը և Ռուսաստանից ռմբակոծվող Ուկրաինան, հակաէթիկական են որակել:
Երեք ՀԸ-ներին էլ Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) գրանցել է վարչական իրավախախտումների արձանագրությամբ։ Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, բողոք է ներկայացրել կարգավորող մարմնին։
ՀԸ-ները ComCom-ի նիստում հայտարարել են, որ իշխող կուսակցության գովազդը պատերազմի քարոզչություն է պարունակում, վախ է սերմանում ընտրողների շրջանում և այդպիսով փորձում է ստանալ նրանց աջակցությունը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, համատեղ հայտարարությամբ հեռուստաընկերությունները նշել էին, որ, չնայած սպասվող տույժերին, իրենք չեն պատրաստվում «նույնիսկ անուղղակիորեն խթանել «Վրացական երազանք»-ի ռուսական քարոզչությունը և ծաղրել ուկրաինացի ժողովրդին»։
Անկախ ՀԸ-ներին աջակցել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների: Աջակցել են նաև «Մեդիա կոալիցիա»-ն, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» և «Վրաստանի եվրոպական ուղեծիր» ՀԿ-ները։
Վերջին օրերին փողոցներում հայտնվել են «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառները, որոնց վրա պատերազմ և խաղաղություն ցույց տալու համար ձախ կողմում պատկերված են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռմբակոծված քաղաքները, մյուս կողմից՝ Վրաստանը։ «Վրացական երազանք»-ը հեռուստատեսություններին է տրամադրել նաև նույնաբովանդակ տեսագովազդներ։