Տրկնա գյուղի ջրամատակարարման խնդիրը

Տրկնա գյուղը երկար տարիներ բախվում է ջրամատակարարման լուրջ խնդիրների, ինչը հուսահատություն է հարուցում գյուղացիների շրջանում:

Տրկնա գյուղը, որը գտնվում է Ախալքալաքի շրջանում, տարիներ շարունակ պայքարում է խմելու ջրի խնդրի դեմ։ Գյուղացիներն օգտագործում են ջրհորների ջուրը, սակայն դրանք չեն լուծում խնդիրը։

Տրկնա գյուղի բնակիչները միաձայն պնդում են, որ, թեև տեղական ու կենտրոնական իշխանությունները տեղյակ են այս խնդրի մասին, սակայն ոչ մի էական քայլ չեն ձեռնարկում։ Թեև տարիներ առաջ խոստացել էին ջրամատակարարման նոր համակարգ կառուցել, սակայն խոստումը մասամբ է կատարվել։

«15-20 տարի է, ինչ այս խնդիրը կա։ Եկան, խողովակները տեղադրեցին, Օլավերդ գյուղից պետք է ջուրը խողովակներով բերեին գյուղ, բայց մինչև հիմա ջուր չունենք, և դա շատ մեծ խնդիր է մեզ համար։ Տրկնա գյուղի ամենամեծ խնդիրը ջուրն է», — մեզ հետ զրույցում նշեցին գյուղամիջում հավաքված տրնկացիները։

Ինչպես նշում են գյուղի բնակիչները, ջրհորի ջուրը մաքուր չէ, միաժամանակ ջուրը սակավացել է ու չի բավարարում բնակչությանը։ Շատ հաճախ բնակիչներն ունենում են 10-15 րոպե ժամանակ ջուրն օգտագործելու համար։

«Հինգ տարի առաջ, երբ խոստացան, բոլորիս մեջ հույս արթնացավ, բայց տարիներ անց պարզվեց, որ դրանք պարզապես խոստումներ էին», — պատմեցին գյուղացիները։

Տրկնա գյուղի ջրամատակարարման խնդիրը շարունակում է մնալ անլուծելի հարց, որը խաթարում է գյուղացիների առօրյան և ապագայի նկատմամբ վստահությունը։ Չնայած իշխանությունների կողմից տրված խոստումներին, գյուղը դեռ չի ստացել անհրաժեշտ լուծումը, և բնակիչները ստիպված են գոյատևել ջրհորների ջուր օգտագործելով։

Հեղինակ՝ Լուսիներ Նուրջանյան