Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2024-25 թվականներին հասարակական տրանսպորտի հարցը վերջնականապես լուծելու նպատակով 18 մետրանոց նոր ավտոբուսներ կներկրվեն մայրաքաղաք։
Նրա խոսքով, այն ժամանակ, երբ դեղին ավտոբուսներ կային, Թբիլիսիին սպասարկում էր մոտ 450, այսօր՝ ավելի քան 800 ավտոբուս։
«Մարդիկ կարծում են, թե ավտոբուսների պակաս ունենք, բայց իրականում այդպես չէ։ Խնդիրն այն է, որ ավելացել են մասնավոր մեքենաները։ Ամեն տարի ներկրվող մեքենաների թիվն ավելանում է՝ մայրաքաղաքում տեղաշարժի լուրջ խնդիրներ ստեղծելով։ Երբեմն նույնիսկ ավտոբուսն է խցանման մեջ հայտնվում: Ավելացնելով ավտոբուսների թիվը՝ մենք էլ ավելի մեծ խնդիրներ կստեղծենք, եթե չկազմակերպենք ու չավելացնենք ավտոբուսային երթուղիները»,- ասել է Կախա Կալաձեն։
Կալաձեն նշել է, որ 2024-2025 թվականներին վերջնականապես ավարտին կհասցվի հասարակական տրանսպորտի հարցը, այնուհետև նախատեսվում է նորացնել մետրոպոլիտենը։