Վրաստանի կառավարության ծրագրի կատարման հաշվետվության համաձայն, 2023 թվականին տնտեսական աճի ուղղությամբ դրական միտումները շարունակվել են: Ըստ կառավարության նախնական գնահատականների՝ 2023 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի միջին ցուցանիշը կազմել է 7,2 տոկոս։
Զեկույցում նշվում է՝ 2022 թվականին նկատվել է զբաղվածության աճ և գործազրկության մակարդակի նվազում. 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանման աճի միտումը շարունակվել է:
«Ինչպես 2021 թվականը, այնպես էլ 2022 թվականը` լի էր զգալի տնտեսական մարտահրավերներով, որոնք իրենց հերթին ազդեցին տնտեսական քաղաքականության վրա, մարտահրավերներ, որոնք պահանջում էին համարժեք պատասխան: Չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերներին, Վրաստանին հաջողվեց ոչ միայն պահպանել տնտեսական կայունությունը, այլև 2022 թվականին գրանցեց երկնիշ տնտեսական աճ, որը կազմեց 10,1 տոկոս»,- նշվում է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ 2022 թվականին գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի աճ՝ նախորդ տարվա համեմատ, աճել է 61,1 տոկոսով և կազմել ռեկորդային 2 մլրդ դոլար։ Իսկ 2023 թվականի ապրիլին գնաճի տարեկան մակարդակը կազմել է 2,7 տոկոս, վերջինս նվազել է սպասվածից ավելի և զիջել Ազգային բանկի սահմանած նպատակային ցուցանիշին՝ 3 տոկոս.
«2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում նշանակալի քայլեր են ձեռնարկվել կառավարության պարտքի կառավարման քաղաքականության բարելավման և թափանցիկության ապահովման ուղղությամբ»
Ի դեպ, Վրաստանի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ վարչապետի տարեկան հաշվետվությունն արդեն ներկայացվել է խորհրդարան։ Զեկույցն ընդգրկում է 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ զեկույցը խորհրդարանին կներկայացնի հունիսի 30-ին։