Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բնակչությանը ներկայացրել է երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ զեկույց։
Ղարիբաշվիլիի խոսքով, ուկրաինական պատերազմին զուգահեռ, Վրաստանի տնտեսական առաջընթացը կառավարության ճիշտ քաղաքականության արդյունքն է:
«Պանդեմիայից հետո անցյալ տարի մենք ունեցանք շատ ցայտուն տնտեսական աճ, երկնիշ տնտեսական աճ՝ 10,4 տոկոս։ Եվ այս տարին սկսեցինք շատ մեծ տնտեսական աճով։ Առաջին յոթ ամսում ունենք երկնիշ տնտեսական աճ՝ 10,3 տոկոս։ Հիշեցնենք նաև, որ բյուջեն այս տարի նախատեսել էինք 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ, իսկ անվանական համախառն ներքին արդյունքի կանխատեսումը կազմել է 64,8 մլրդ լարի»,- ասել է վարչապետը:
Վարչապետը փաստել է, որ, հաշվի առնելով բարձր տնտեսական աճը, օրակարգում է ընթացիկ տարվա բյուջեում փոփոխությունների նախապատրաստումը, և այդ փոփոխությունները հիմնականում ուղղված են երկու նպատակի՝ բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի կրճատմանը.
«Նման հզոր տնտեսական պարամետրերի պայմաններում տարեվերջին պետական պարտքի ծավալը` 51 տոկոսի փոխարեն, կնվազի մինչև համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40 տոկոսը, ինչը նույնպես շատ լավ ցուցանիշ է։ Միաժամանակ բյուջեի դեֆիցիտի ծավալը ՀՆԱ-ի 4,4 տոկոսից կնվազի ՀՆԱ-ի 3,2 տոկոսի»:
Ղարիբաշվիլին նշել է, որ պետք է, պակասուրդի և պարտքի կրճատմանը զուգահեռ, լրացուցիչ միջոցներ ուղղել, մի կողմից, պարտավորությունների ֆինանսավորմանը, մյուս կողմից՝ տարբեր ուղղություններով` ոստիկանություն լինի, բանակ, ենթակառուցվածքներ, ձեռնարկությունների ֆինանսավորում, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն, առողջապահություն, թե սպորտի ֆինանսավորում: