Մառնեուլիի մունիցիպալիտետի Ջանդարա, Քութլիար, Ծոփի, Ախկուլա, Ախքյորփի և Ալգեթիի հանրային դպրոցները տնօրեններ չունեն: Այս մասին տեղեկացնում է Marneulifm ռադիոն:
Լրատվականի հաղորդմամբ, տարիներ շարունակ տնօրենի իրավասություններն իրականացնում են ժամանակավոր պաշտոնակատարները: Օրինակ, Ծոփիի թիվ 4 հանրային դպրոցը տնօրեն չունի: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաբի Աղաջանովան, ով 13 տարի աշխատում է այդ դպրոցում: Նրա խոսքով, 3 տարի առաջ մասնակցել է տնօրենների ընտրության մրցույթին, սակայն չի հաղթել:
«3 տարի առաջ նախարարությունում հարցազրույցի էի, իրենք էին կանչել, իմ կամքով չեմ գնացել»,- ասել է Աղաջանովան:
Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Քենան Օմարովը Marneulifm-ի հետ զրույցում նշել է, որ դպրոցներում տնօրենները նշանակվում են բացառապես նախարարության հրամանով:
«Իմ տեղեկատվությամբ 7 դպրոց տնօրեն չունի: Նախկինում մրցույթ էին հայտարարում, իսկ հիմա կրթության նախարարությունը հարցազրույց է անցկացնում ու հրամանով տնօրեններ նշանակում»,- հայտարարել է Օմարովը:
Քվեմո Քարթլիի այն դպրոցներում, որտեղ տնօրեն չկա, ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել ուսուցիչները կամ էլ տնօրենի տեղակալները:
Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանում լսում էին կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի զեկույցը, որի ժամանակ պատգամավոր Սավալ Միրզոևը բարձրացրել է հարցը, սակայն նախարարն այն անպատասխան է թողել:
Մառնեուլիի ռադիոյին նախարարությունից տեղեկացրել են, որ դպրոցների տնօրենների նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը տարածում է կրթության նախարարությունը, ինչից հետո տնօրենները համապատասխան փաստաթուղթ են ստանում և տնօրեն դառնալու համար մի քանի փուլ են անցնում: Այն դպրոցները, որոնք այժմ տնօրեն չունեն, հնարավոր է սերտիֆիկացման խնդիր ունենան:
Կրթության նախարարությունը տնօրենների ընտրելու մրցույթի վերաբերյալ այս տարի նույնպես տեղեկատվություն կհրապարակի, սակայն կոնկրետ օրը, առայժմ հայտնի չէ: