Time ամսագիրը Վրաստանի նախկին նախագահին ընդգրկել է ոստիկանության կողմից 2018-ին ամենաշատ փնտրված քաղաքական գործիչների հնգյակում։
«Արևմուտքում կրթություն ստանալուց հետո Սաակաշվիլին դարձավ Վրաստանում «թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը: Մարդու իրավունքների խախտումների և հափշտակությունների մեղադրանքների ֆոնին նա հրաժարական տվեց և մեկնեց ԱՄՆ, սակայն 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկեց Սաակաշվիլիին զբաղեցնել Օդեսայի նահանգապետի պաշտոնը և իրականացնել բարեփոխումներ: Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից և դարձավ Ուկրաինայի քաղաքացի:
2016 թ. նոյեմբերին նա հրաժարական տվեց, աղմկահարույց ասուլիս տեղի ունեցավ և Սաակաշվիլին Պորոշենկոյին հրապարակավ մեղադրեց Ուկրաինայում կաշառակերության և Օդեսայում քրեական խմբավորումներին աջակցելու մեջ:
Իհարկե, սա չնպաստեց Ուկրաինայում Սաակաշվիլիի երկրպագուների թվի ավելացմանը և Վրաստանի նախկին նախագահին մեղադրանք ներկայացվեց՝ հանցագործ խմբավորմանն աջակցելու համար: Պորոշենկոն անցյալ տարվա հուլիսին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկեց Սաակաշվիլիին։
Անցյալ տարվա դեկտեմբերին ինտերնետում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է նա փախչում Կիևի ոստիկանությունից: Ոստիկանությանը հաջողվեց նրան ձերբակալել, սակայն հետագայում նրա կողմնակիցները կարողացան ազատ արձակել», — գրում է ամսագիրը:
Նշանակալի է նաև, որ Սաակաշվիլիից բացի, հնգյակում են նաև Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը, Թուրքիայում հեղափոխություն կազմակերպելու փորձ անելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը, Wikileaks-ի ստեղծող Ժուլիան Ասանժը և Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Հարադիանին: