Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած մեծամասնության նիստից հետո իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը» չեղյալ է համարում ապրիլի 19-ին ստորագրած Շառլ Միշելի համաձայնագրը:
Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո հենց Միշելի համաձայնագիրը կարողացավ Վրաստանի ներքաղաքական իրավիճակը կայունացնել և ընդդիմությունը, որը չէր ճանաչում ընտրությունների արդյունքները մուտք գործեց խորհրդարան, բացառությամբ «Միացյալ ազգային շարժման»: Կոբախիձեն համաձայնագրից դուրս գալու պատճառը կապեց ՄԱՇ-ի կողմից համաձայնագիրը չստորագրելու հետ:
Միշելի համաձայնագիրը ներառում էր մի քանի ուղղություն, որոնց շուրջ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է համաձայնության հասնեին և երկրում արմատական բարեփոխումներ անեին:
Համաձայնագրով ազատ արձակվեցին 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածներ` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան: Խորհրդարանում արդեն գրանցվել է օրինագիծ` առաջիկա խորհրդարանական ընտրությունները լրիվ համամասնական ընտրակարգով և 2 տոկոսանոց շեմով անցկացնելու վերաբերյալ: Համաձայնագրի համաձայն Վրաստանի գերագույն դատարանի դատավորների ընտրությունը պետք է դադարեցվեր, սակայն իշխող թիմը գործընթացը շարունակեց: Շառլ Միշելի համաձայնագրի թերևս ամենակարևոր կետը երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու հարցն էր:
Ըստ համաձայնագրի Վրաստանում 2022 թվականին կնշանակվեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն:
Իրակլի Կոբախիձեն այսօրվա իր հայտարարությունում նշեց, որ իշխող կուսակցությունը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել ոչ միայն 43 տոկոսի, այլ նաև 53 տոկոս աջակցություն ստանալու դեպքում, «եթե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների պահվածքից հասկանանք, որ մեր քաղաքական համակարգը հասունացել է արդյունավետ կոալիցիոն կառավարման համար, և պետության կառավարման նման ռեժիմը չի վնասի նրա շահերին»:
Իշխող կուսակցության այս որոշումից հետո ընդդիմությունում կարծում են, որ «Վրացական երազանքը» չի ցանկանում 43 տոկոսի շուրջ պայմանավորվածությամբ գնալ դեպի ՏԻՄ ընտրություններ, քանի որ այն հաղթահարելու շանսերը նվազել են: Ընդդիմադիր «Լելո» կուսակցութան առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ, կուսակցությունը չի բացառում նաև բոյկոտ հայտարարել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Իշխող կուսակցության այսօրվա հայտարարությունից հետո Վրաստանում կրկին լարվում է ներքաղաքական իրավիճակը և չի բացառվում, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ կրկին բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։