ՏԻՄ ընտրությունները՝ վտանգի տակ. փորձագետների կարծիքներ

Ընտրություններ առանց ընտրության, անարդար միջավայր, ընտրական մանիպուլացիաներ և «կարուսել»-ի ավելի մեծ հնարավորություն, այսպես են գնահատում փորձագետները հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նախընտրական միջավայրը:

Փորձագետները պնդում են՝ նախընտրական միջավայրն արդեն իսկ լարված է. ընդդիմությունը հստակ դիրքորոշում չունի՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՝ ոչ, «Վրացական երազանք»-ն արգելում է ընդդիմության գործունեությունը Վրաստանում, ընդունում է օրենքներ, որոնցով վտանգի տակ է դրվում քաղաքացիական հասարակության և անկախ հեռարձակողների գործունեությունը, փոփոխություններ է կատարում Ընտրական օրենսգրքում, որոնք առավելություն են տալիս «Վրացական երազանք»-ին և մեծացնում «կարուսել»-ի հնարավորությունը: Այս ֆոնին, ըստ փորձագետների, խոսել ՏԻՄ ընտրությունների արդար միջավայրում անցկացման մասին, անհիմն է. առաջիկա ընտրությունները նման են լինելու ավտորիտար երկրների ընտրական գործընթացին:

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) դիտորդական հասարակական կազմակերպության (ՀԿ) իրավական հարցերով փորձագետ Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ այն միջավայրում, որ ստեղծում է «Վրացական երազանք»-ը, ընտրությունների կայացում ակնկալելն անհնար է, դա կարող է լինել ցանկացած այլ բան, բայց՝ ոչ ընտրություններ:

Ըստ նրա՝ եթե «Վրացական երազանք»-ը հայտարարածի պես արգելի ընդդիմության գործունեությունը, իսկ ընդունած ռեպրեսիվ օրենքներն սկսեն գործել, երկրում ոչ մի ժողովրդավարական ինստիտուտ չի մնա, իսկ այդ միջավայրում ընտրությունները, բնականաբար, կլինեն հօգուտ իշխանության, ինչպես ավտորիտար երկրներում է:

Ընտրական հարցերով փորձագետի դիտարկմամբ՝ ամփոփելով այն ամենն, ինչ արեց «Վրացական երազանք»-ը խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ ոչ լեգիտիմ խորհրդարանն էլ օրենքներ ընդունեց, հստակ կարելի է ասել՝ Վրաստանում երբեք արդար ընտրություններ չեն անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում այս իշխանությունն է և ընտրական վարչակազմը: Մոնիավան նշեց՝ ժողովուրդի կողմից ընտրություններում «Վրացական երազանք»-ին դեմ արտահայտվելու դեպքում անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) է «գրելու» իշխող թիմի հաղթանակը:

«Վերջին շրջանում ընդունված օրենքները, նաև Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, տեղիք են տալիս եզրահանգելու, որ ընտրություններ որպես այդպիսին չեն կարող անցկացվել Վրաստանում, քանի որ դրանք իրենց բնույթով հակասում են ընտրական բոլոր նորմերին: Ընտրական վերջին փոփոխությունն, օրինակ, մեծացնում է, այսպես կոչված, ընտրական կարուսելի հնարավորությունը, որն, ինչպես տեսանք, խորհրդարանական ընտրություններում կիրառվել է, այս փոփոխությամբ՝ ավելի մեծ կիրառելիություն կստանա», — ասաց Մոնիավան:

ISFED-ի նախագահ Նինո Դոլիձեն սոցցանցում գրառում էր արել, ըստ որի՝ ԿԸՀ որոշմամբ ընդունվել են փոփոխություններ, որոնք սահմանափակում են քվեարկությանը լիարժեք հետևելու հնարավորությունը։ Դոլիձեն հրապարակել է ԿԸՀ-ի որոշման, այսպես կոչված, սքրինշոթը և գրել, որ ընդունված փոփոխությամբ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող ցանկացած անձի արգելվում է պահանջել ընտրողի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը, այդ թվում՝ վերցնելը:

«Այս փոփոխությամբ դիտորդներն այլևս չեն կարողանա հայտնաբերել մարդկանց, որոնք կփորձեն քվեարկել այլոց փոխարեն (այսպես կոչված՝ կարուսել), ինչը ընտրությունները կեղծելու հիմնական մեթոդներից մեկն է», — գրել էր Դոլիձեն։

Փոփոխությունը, որի մասին գրել է «Արդար ընտրություններ»-ի նախագահը, ԿԸՀ-ն կատարել է 2023 թվականի փետրվարի 6-ի «Էլեկտրոնային միջոցներով քվեարկության անցկացման կանոններն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ։ Ըստ 2025 թվականի ապրիլի 3-ին կատարված փոփոխության՝ դիտորդին արգելվում է.

  • ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը ցույց տալու հարցում միջամտել, ներառյալ` վերցնել,
  • պահանջել ընտրողի անձը հաստատող փաստաթղթի այլ մշակում, ընտրողների տվյալները ստուգող սարքում ցուցադրված, քվեարկության ստուգման սարքից տպված քվեարկության անդորրագիրը և ընտրողի ընտրության ֆոտոտեսագրումը քվեաթերթիկի վրա»:

ISFED-ի տնօրենի հայտարարությանն ավելի ուշ պատասխանել է ԿԸՀ-ն՝ դա անվանելով «մանիպուլացիայի հերթական արշավ»։ Ըստ ԿԸՀ-ի՝ Ընտրական օրենսգիրքը միշտ արգելել է ընտրողների անձնական տվյալների մշակումը և/կամ հրապարակումը»։

Ի դեպ, «կարուսելի» դեպքերով, օրինակ՝ մեկ ընտրողի քվեարկությունը մի քանի տեղամասերում, նաև ընտրություններին մասնակցելը ուրիշի անձը հաստատող փաստաթղթով կամ անձնագրով, մոնիտորինգային կազմակերպությունները Վրաստանում առաջին էլեկտրոնային եղանակով 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո են տեղեկություն տարածել։

«Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ՀԿ-ի իրավաբան Սաբա Բրաճվելիի կարծիքով` Վրաստանում արդեն իսկ առկա է ընտրական ավտորիտարիզմը։ Բրաճվելիի խոսքով, սա թուրքական կամ հունգարական մոդելը չէ, որտեղ ընտրություններն ամբողջությամբ չեն կեղծվում, այլ բելա(ռուսական) կամ ադրբեջանական ֆարս է։ Ըստ Բրաճվելիի՝ երկրի ճակատագիրը կորոշվի մինչև աշուն:

Բրաճվելիին անհասկանալի է, թե ինչպես կարելի է խոսել ՏԻՄ ընտրությունների մասին՝ առանց երկրում ստեղծված իրավիճակի (ընդդիմության, քաղհասարակության, անկախ հեռաձակողների արգելք և այլն) ենթատեքստի: Բրաճվելին նշել է.

  • «2024 թվականին ունեցանք ամենաակտիվ մասնակցություններից մեկը, մարդիկ ոչ թե հուսալքված էին, այլ չափազանց մոտիվացված։ 2025 թվականին հակառակը կլինի:

  • Քաղաքացիական սեկտորն այլևս չի կարողանա մոբիլիզացիոն կամ դիտորդական առաքելություններ իրականացնել։ Լրատվամիջոցներն այլևս չեն կարող ուղիղ ռեժիմով լուսաբանել շարունակվող խարդախությունը։

  • Ընդդիմությանը եթե նույնիսկ թույլ տրվի մասնակցել ընտրություններին, միասնական թեկնածուների և ռազմավարական քվեարկության կարիք կունենան։ Սա անհավանական է թվում, ուստի «Վրացական երազանք»-ը կզբաղեցնի բոլոր մեծամասնական տեղերը: Նույնը լինելու է սակրեբուլուլոներում (ավագանի), քանի որ արդեն փոփոխված օրենքի հիման վրա սակրեբուլոները մեծամասամբ կազմված են լինելու մեծամասնական թեկնածուներից՝ առանց երկրորդ փուլի։

  • Նախորդ ընտրությունները միջազգային (և՛ քաղաքական, և՛ դիտորդական) մեծ ուշադրության արժանացան։ Քոցերը (նկատի ունի «Վրացական երազանք»-ին — հեղ.), սակայն, ընտրություններն անցկացրին անարդար կանոնների ներքո, բայց զերծ մնացին կեղծիքների մի քանի ձևերից և թույլ տվեցին կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնել: Այս տարի ՏԻՄ ընտրություններում մենք նման հնարավորությունից զրկված կլինենք»։

2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծ են ճանաչել 5-րդ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունները և տեղական դիտորդական կազմակերպությունները։ Ընտրությունների արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ է դրել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների ժամանակ խախտվել է ձայների գաղտնիության սկզբունքը, բազմաթիվ են եղել ընտրակաշառքի, ահաբեկման, ընտրության կարգի խախտումների դեպքերը։