ՏԻՄ ընտրությունները, որպես հանրաքվե. ի՞նչ է սպասվում աշնանը Վրաստանում

Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս ընտրություններն իրենց էությամբ այնքան կարևոր չէին լինի, եթե չլիներ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմված իշխանության և ընդդիմության համաձայնագիրը:

2020 թվականի աշնանը կայացած ընտրությունները մեծ ազդեցություն ունեցան Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա: Խորհրդարանը փաստացի ամիսներ շարունակ կրում էր «միակուսակցականի» անուն: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չէին ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում էին մուտք գործել խորհրդարան:

Ամիսներ շարունակ Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ անցկացված ընդդիմության և իշխանության հանդիպումներն արդյունք չտվեցին: Արևմուտքի ջանքերը ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի բերել կողմերին: Ապրիլի 19-ին, գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո, Վրաստանի նախագահի նստավայրում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի տակ ստորագրեցին ընդդիմադիր «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»:  Փաստաթղթի տակ չստորագրեցին «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և « Լեյբորիստական» կուսակցությունները:

Ի՞նչ է ասվում համաձայնագրում

  • Ըստ համաձայնագրի` Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում էր համաներման օրենքի նախագիծ, որով ազատ էր արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
  • Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
  • Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն:

Ի՞նչ իրավիճակ է հիմա

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի և ընդդիմադիր գործիչ Գիորգի Ռուռուայի ազատ արձակվելուց հետո «Ազգային շարժումը» հայտարարեց, որ միանալու են խորհրդարանի աշխատանքին, սակայն չեն ստորագրելու Միշելի փաստաթուղթը, քանի որ այնտեղ իրենց խոսքով՝ անընդունելի կետեր կան:

Այս օրերին խորհրդարանը քննարկում է համաներման օրինագիծը, որի շուրջ նույնպես ընդդիմությունն ու իշխանությունը տարաձայնություններ ունեն: Օրինագծի ընդունումից հետո ակնկալվում է, որ խորհրդարանն անցնելու է սահմանադրական փոփոխություններին, որոնք համաձայնագրի ամենակարևոր մասն են կազմում:

Ի՞նչ է սպասվում առաջիկայում Վրաստանում

Եթե քաղաքական կյանքը շարունակվի ըստ Միշելի համաձայնագրի, խորհրդարանը սկսելու է քննարկումներ այս տարի նույնպես սահմանադրական փոփոխություններ անելու վերաբերյալ: Հիմնական փոփոխությունները, որոնք պահանջում են` խորհրդարանի 2/3-ի աջակցությունը սահմանադրության մեջ ընտրական շեմի (0-2 %) և 43 տոկոսանոց արգելքի հաղթահարման մասին գրության ավելացումն է:

Սահմանադրական փոփոխությունների հաջող ավարտից հետո փաստացի տեղական ինքնակառավարման ընտրությունները Վրաստանում վերածվելու են հանրաքվեի: Եթե Վրաստանի քաղաքացիներից իշխող «Վրացական երազանքը» չստացավ 43 տոկոսից ավելի աջակցություն, ապա ըստ համաձայնագրի` 2022 թվականին երկրում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։