
«Վրացական երազանք»-ի կողմից նախագահ ընտրված երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդականը TikTok-ի «Փուկոս քանքարի» ալիքի հեղինակ Լուկա Էխվաիան է։ Էխվաիան Վրաստանի հետ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության դադարեցումը համարում է «գլխավոր քայլ ապագաղութացման ճանապարհին»։
Կղավելաշվիլին առայժմ միայն մեկ խորհրդական ունի միջազգային հարաբերությունների ոլորտում, և պետական բյուջեից նրան ամսական վճարվում է 6424 լարի, տեղեկությունը տարածել է BMG լրատվամիջոցը:
Լուկա Էխվաիան քաղաքական գիտությունների թեկնածու է (Լայպցիգի համալսարանից), վերլուծաբան, որ մոտ երկու տարի TikTok սոցիալական ցանցում վարում է «Փուկոս քանքարի» կոչվող ալիքը։ Այս ալիքն ունի ավելի քան 45 հազար 700 բաժանորդ 2025 թվականի մարտի 20-ի դրությամբ։
«Զգացմունքները կախված են փաստերից». սա է TikTok ալիքի կարգախոսը, որն իր հարթակն անվանում է չեզոք։ Նա YouTube-ում ունի նույն անունով փոդքասթ։
Այս հարթակում շատ բան է քննարկվում միջազգային քաղաքականության, աշխարհում և Վրաստանում Չինաստանի աճող դերի, նաև ԱՄՆ-ի գլոբալ դերի թուլացման մասին։
2025 թվականի մարտի 18-ին Չինաստանի դեսպան Ճոու Ցիենի հետ Կղավելաշվիլիի հանդիպումից հետո Էխվաիան Facebook-ում գրել էր. «Վրաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերությունն ավելին է, քան տնտեսական համագործակցությունը, դա արժեքային համակարգերի և աշխարհաքաղաքական սկզբունքների կարևոր խաչմերուկ է, ինչպիսիք են գլոբալ խաղաղության ապահովումը և ինքնիշխանության գծի ամրապնդումը»: