TI-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ընտրությունների ընթացքում. Գիգաուրի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, կազմակերպությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետևի այնպես, ինչպես 24 տարի շարունակ հետևել է բոլոր ընտրությունների ժամանակ։

Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում հայտարարվել է, որ Հակակոռուպցիոն բյուրոն, հիմք ընդունելով վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջարկը, չեղարկել է կազմակերպությանը «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտ» հայտարարելու որոշումը։

«Հակակոռուպցիոն բյուրոյի որոշման առումով ակնհայտ է, որ նրանք փորձում էին ինչ-որ փաստարկներ գտնել, բայց հանրությանը և միջազգային դիտորդական առաքելություններին իրավական հիմքեր չունեն ներկայացնելու, թե ինչու են փոխել կազմակերպության կարգավիճակը և ինչու են արգելել մեզ` դիտարկել ընտրությունները»,- ասել է Էկա Գիգաուրին և որոշման փոփոխությունը գնահատել որպես «Վրաստանի քաղաքացիական սեկտորի հաղթանակ»։

Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին որպես սեփական որոշումը չեղարկելու հիմք է նշել «ազգային շահերը»՝ հայտարարելով, որ «ոչ մեկին չպետք է հնարավորություն տրվի կասկածի տակ դնելու Վրաստանի քաղաքացիների իրականացրած ընտրությունների արդյունքները»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմամբ՝ TI-ին և նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիին Հակակոռուպցիոն բյուրոն ճանաչել էր որպես «նախընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ»։ 

Դրա պատճառով TI-ն զրկվել էր 2024 թվականի հոկտեբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից: