«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը (TI) հակիրճ գնահատական է ներկայացրել կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։
Կազմակերպությունը նշում է, որ սա բյուջեի նախնական տարբերակն է, որ մինչև վերջնական հաստատումը երկու անգամ կվերադարձվի կառավարություն՝ փոփոխությունների համար։
TI-ը չի բացառում նաև, որ հնարավոր է դեկտեմբերին խորհրդարանը հաստատի ներկայիս տարբերակից զգալիորեն տարբերվող բյուջե։
Նախնական տարբերակ՝
- 2025 թվականին պետբյուջեի եկամուտները կավելանան 2,3 մլրդ լարիով և կհասնեն 26,9 մլրդ լարիի,
- 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականին Վրաստանի կառավարությունը 91 միլիոն լարիով պակաս դրամաշնորհ կստանա արևմտյան երկրներից,
- 2025 թվականին կառավարությունը արևմտյան երկրներից կստանա ընդամենը 60 միլիոն լարի դրամաշնորհ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում,
- 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը (վճարումները) կկազմեն 27 միլիարդ լարի, ինչը 2 միլիարդ լարիով ավելի է 2024 թվականի բյուջեի ծախսերից:
Բյուջեի մասին հավելյալ տեղեկություն կարող եք կարդալ այստեղ:
TI-ը նշում է, որ ամենամեծ անկումը Եվրամիության կողմից հատկացված դրամաշնորհների մասով է՝
«2025 թվականին Վրաստանի կառավարությունը Եվրամիությունից կստանա 15 միլիոն լարիի դրամաշնորհ, ինչը 92 միլիոն լարիով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ ԵՄ-ի 15 մլն դրամաշնորհը կծախսվի Աջարիայի գյուղերի ջրամատակարարման և Վարդնիլի և Էնգուրի հիդրոէլեկտրակայանների վերականգնման համար։ Այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են տարածքային զարգացումը, զբաղվածության շուկայի զարգացումը, գյուղատնտեսության զարգացումը և այլն, այլևս չեն ֆինանսավորվի Եվրամիության կողմից»,- ասված է հայտարարության մեջ։