Թուշեթիի շրջանի գյուղերում ապրողները և այնտեղ գտնվող սահմանապահները չեն կարող մասնակցել նախագահական ընտրություններին: «Մթիս ամբեբին» տեղեկատվությունը հրապարակել է Ախմետայի շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահ Մինդիա Յուկուրիձեի հայտարարության հիման վրա:
Յուկուրիձեի խոսքերով, ճանապարհային դեպարտամենտը Թուշեթիի հատվածում պաշտոնապես արգելել է ճանապարհային երթևեկությունը, իսկ ուղղաթիռ չի հատկացվել քվեատուփի տեղափոխման համար:
«Թուշեթիի Քվեմո Ալվանի գյուղում բացել ենք թիվ 14 ընտրատեղամասը, որտեղ գրանցված է 265 ընտրող: Նույն տեղամասում ունենք սահմանային ոստիկանության 24 աշխատակիցների հատուկ ցուցակը: Թուշեթիի բնակիչներից միայն չորս ընտրողներ են մեզ դիմել շարժական քվեատուփից օգտվելու համար։ Սակայն ավտոմայրուղին փակ է, մենք չունենք ուղղաթիռ վարձելու հնարավորություն, մենք չենք կարող քվեարկել», — ասել է Մինդիա Յուկուրիձեն:
Սահմանային ոստիկանության ուղղաթիռի օգնությամբ շարժական քվեատուփ է տարվել Խևսուրեթի՝ Արխոտի կիրճ:
Հիշեցնենք, որ Թուշեթիի ուղղությամբ ձյան առատ տեղումների պատճառով հոկտեմբերի 27-ից փակ է մայրուղին։