
Վրաստանին չի անհանգստացնում Թուրքիայի դերակատարության մեծացումը Հարավային Կովկասում, քանի դեռ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսպիսին են տարածաշրջանում Թուրքիայի ներկայության ու դիրքերի ամրապնդման մասին վրացի փորձագետների հիմնական մասի տեսակետները։
Անցյալ տարի Թուրքիայի աջակցությամբ ու ներգրավմամբ Ադրբեջանի կողմից սկսված ղարաբաղյան երկրորդ պատերազմի ողջ ընթացքում և հիմա էլ Թբիլիսիի համար մտահոգիչ է մնում մասնավորապես Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում, քան Թուրքիայինը:
Ռուսատանի ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկաս գրեթե մեկ դար անց վերադարձավ Թուրքիան։ Անկարան 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի հետ հասավ Աղդամի շրջանում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու հուշագրի ստորագրմանը՝ այդպիսով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի իր առաջին ռազմական ներկայությունն ապահովելով Հարավային Կովկասում։

Թուրքիայի հարցերով վրացի փորձագետ, ռազմավարական հետազոտությունների վրացական կենտրոնի հետազոտող Զուրա Բատիաշվիլին տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ վտանգ չի տեսնում Վրաստանի համար․
«Վրաստանի համար Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Թբիլիսիի համար, անշուշտ, կարևոր է, որ Անկարան լավ հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ․ Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են մնալ ՆԱՏՕ-ի անդամ հզոր պետությունները: Իսկ այս հարաբերություններում լարվածության հիմնական պատճառը Ռուսաստանն է։ Թուրքիային ռուսական S400-ների մատակարարումը պատժամիջոցների պատճառ դարձավ: Այս փաստը Թուրքիային բարկացրել է, բայց դա հատուկ քայլ էր: Թուրքիայի և Արևմուտքի միջև, ճիշտ է, հարաբերությունները լարված են, բայց այս առումով դրական հստակություն կլինի առաջիկայում», — ասում է Բատիաշվիլին՝ գրեթե բացառելով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, և ԵՄ-ի հետ հարաբերություններում կտրուկ շրջադարձը։ Իսկ քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ըստ նրա, վտանգ չի ներկայացնում Վրաստանի համար։

Անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Դարչիաշվիլին էլ նկատում է, որ Վրաստանի համար գերադասելի է Անկարայի և ոչ թե Մոսկվայի ակտիվացումը։ Ըստ նրա՝ իրականում Թուրքիան միջազգային իրավունքին հավատարիմ դերակատար է․
«Չմոռանանք, Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանի ռազմավարական գործընկերն է և հավատարիմ է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքին՝ տարածքային ամբողջականությանը: Այս ամենն էլ հավասարակշռում է թուրքական ազդեցության մեծացման հնարավոր ռիսկերը, ինչն ավելի քիչ վտանգավոր է, քան կայսերական ռուսական քաղաքականության ազդեցության մեծացումը»:
Հատկանշական է, որ Թուրքիայի դերակատարության մեծացումը վտանգ չեն համարում հիմնականում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկա և նախկին գործընկերները, նրան հարող մեդիան ու փորձագետները։
Թուրքիայի ներկայությունը Վրաստանում սկսել է մեծանալ հենց Սաակաշվիլիի իշխանության տարիներին։
Թուրքիան դարձել է Վրաստանի թիվ մեկ ռազմավարական և առևտրային գործընկերը։ Վրաստանի արտաքին ներդրումների առյուծի բաժինը թուրքական են։
Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները սկիզբ են առել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո՝ 1992-ից, սակայն ինտենսիվ զարգացել են հատկապես 2003 -2012 թվականներին՝ Սաակաշվիլիի իշխանության տարիներին։ Թբիլիսին և Անկարան ազատ առևտրի պայմանագիր են ստորագրել 2007-ին։
Վարդերի հեղափոխությունից հետո՝ 2005 թվականին թուրքական ուղիղ ներդրումները Վրաստանի տնտեսությունում կազմել են 165 մլն դոլար: 2006-ին երկու երկրների միջև ստորագրվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որ հեշտացնելով երկուստեք փոխայցելությունները՝ էլ ավելի է խթանել նոր ներդրումները։ 2007-ին թուրքական ուղիղ ներդրումները կազմել են 500 մլն դոլար։ Իսկ այս տարվա միայն առաջին եռամսյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկուստեք առևտրաշրջանառությունը կազմել է 419 միլիոն դոլար, ինչը Վրաստանի ողջ արտաքին առևտրի մոտ 20 տոկոսն է։
Թուրքական ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերում են, հիմնականում հյուրանոցային, ռեստորանային բիզնեսում։ Թուրքիան ներգրավված է նաև վրաստանյան խոշոր ՋԷԿ-երի, ՀԷԿ-երի, երկաթուղիների ու ճանապարհների կառուցման ծրագրերում։
Թբիլիսիում և Բաթումիում օդանավակայանները վերակառուցել և այսօր էլ դրանք կառավարում է թուրքական TAV Airports Holdings ընկերությունը: Թուրքական ներդրումներն ակտիվ են հատկապես Թբիլիսիում և Բաթումիում։

Տրապիզոնում Վրաստանի նախկին հյուպատոս, թուրքագետ Զաուր Մճեդլիշվիլին պակաս վտանգավոր չի համարում թուրքական տնտեսական, ինչպես նաև քաղաքական, մշակութային և հումանիտար էքսպանսիան երկրի ներսում, սակայն վստահ է՝ այս պահին կամ մոտ ապագայում Վրաստանը Թուրքիայի հարցով անելանելի վիճակում չի հայտնվի․
«Թուրքիայում հիմա ներքին լուրջ իրադարձություններ են, օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամ, օրակարգում է Էրդողանի, արտահերթ ընտրությունների հարցը: Դրա համար դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, սակայն այս պահին Թուրքիան տարածաշրջանի համար ժամանակ չունի։ Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում հաստատելու համար ամեն ինչ արվել է մինչ օրս, բայց այս ամենն անցյալում է։ Թուրքիայի տնտեսության 60 տոկոսը կախված է Եվրամիությունից, իր ռազմական հզորության համար պարտական է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Այնպես որ Թուրքիան չի խզի կապերը ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ ԱՄՆ-ի հետ։ Ուղղակի Էրդողանին պետք էր մատ թափ տալ, դատարկ սպառնալիքներ հնչեցնել․․․»։

Կովկասյան հարցերով քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն կարծում է, որ Թուրքիայի վարքագիծը՝ հատկապես պանթուրքական մոտեցումները, մտահոգիչ են Վրաստանի համար.
«Սակայն, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանում քաղաքական էլիտան դրա մասին լռում է։ Ես հուսով եմ, որ ամեն դեպքում ՆԱՏՕ-ի անդամները կարող են զսպել Թուրքիային»։
Ընդհանուր առմամբ, վրաստանյան փորձագիտական շրջանակներում պատերազմից հետո ստեղծված իրողությունը գնահատվում է այսպես՝ Մոսկվան ավելի է մեծացնում ազդեցությունը՝ «խաղաղապահներ» ուղարկելով տարածաշրջան, իսկ Անկարան դառնում է տարածաշրջանը հավասարակշռող կողմ․ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է տարածաշրջան այլ կարգավիճակով՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։