Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի Զինված ուժերին Մառնեուլիի օդանավակայանի նյութական ու տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով, տարբեր տեսակի հատուկ տեխնիկա է փոխանցել: Այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ խոսքը 11 միավոր լոգիստիկ մեքենաների, 2 միավոր միկրոավտոբուսների, 2 միավոր տրակտորների և տարբեր տեխնիկական միջոցների մասին է։ Տեխնիկայի փոխանցումը տեղի է ունեցել երկու պետությունների կողմից ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության պայմանագրի» շրջանակներում:
Նշվում է՝ սարքավորումների փոխանցումը, որը կնպաստի Մառնեուլիի ռազմաօդանավակայանի լոգիստիկ և պաշտպանական նյութատեխնիկական բարելավմանը, տեղի է ունեցել Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «Ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագրի» շրջանակներում։
«Վրաստանը և Թուրքիան երկար տարիներ սերտ և հաջող համագործակցում են պաշտպանության տարբեր ոլորտներում։ Այս փուլում Թուրքիայի կողմից առաքված հատուկ տեխնիկայի արժեքը կազմում է 59 772 269 դոլար», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ անցած տարվա ապրիլ ամսին ևս Թուրքիան Վրաստանին ռազմատեխնիկա էր փոխանցել, կրկին՝ Մառնեուլիի ռազմաօդանավակայանի նյութատեխնիկական բարելավման համար: