Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը: Տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներից (Geostat):
2024 թվականի հունվար-մայիս ամսիներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8,432 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշից արտահանումը կազմում է 2,274 մլրդ ԱՄՆ դոլար (նվազել է 9,2 տոկոսով), ներմուծումը՝ 6,158 մլրդ ԱՄՆ դոլար (աճը 0,7 տոկոս)։
Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3,884 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 46,1 տոկոսը։
Նույն տվյալներով՝ արտահանման 66,8 տոկոսը բաժին է ընկնում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներ, 9,1 տոկոսը՝ Եվրամիություն, 24,1 տոկոսը՝ այլ երկրներ։ Ներմուծված ապրանքների 26,5 տոկոսը գալիս է Եվրոպական միությունից, 21,2 տոկոսը՝ ԱՊՀ, 52,3 տոկոսը՝ այլ երկրներից։
2024 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների տեսակարար կշիռը կազմել է 67,1 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան (1,254 մլրդ ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (1,004 մլրդ դոլար) և Չինաստանը (691,6 մլն դոլար)։
Ըստ Geostat-ի՝ 2024 թվականի հունվար-մայիսին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 79,7 տոկոս։ Արտահանողների առաջատար եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Ղրղզստան (360,2 մլն ԱՄՆ դոլար), Ղազախստան (274,8 մլն դոլար) և Ռուսաստան (273,1 մլն ԱՄՆ դոլար):
2024-ի նույն ժամանակահատվածում ներմուծման տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 68,3 տոկոս։ Առաջին եռյակում են՝ Թուրքիան (1,078 մլրդ ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (731,0 մլն դոլար) և ԱՄՆ (601,4 մլն դոլար)։