Թուրքական լիրայի շարունակվող արժեզրկումը ծանր հետևանքներ կունենա Վրաստանի տնտեսության վրա, կանխատեսում են վրացի փորձագետները։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների վրացական կենտրոնի փոխնախագահ Նիկա Շենգելիան կարծում է, որ հետևանքները Վրաստանի տնտեսության վրա կզգացվեն այս տարվա ընթացքում։
«Թուրքիան Վրաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է: Վրաստանի գյուղմթերքի գրեթե 80 տոկոսը ներմուծվում է Թուրքիայից. հատկապես հիմա՝ ձմռան ամիսներին, վրացական շուկայի վարունգը, լոլիկը, սմբուկը և շատ այլ մթերքներ բացառապես թուրքական են: Այս ամիսներին մեր մրգի և բանջարեղենի 80 տոկոսն է Թուրքիայից գալիս: Անշուշտ, թուրքական լիրայի արժեզրկումն ամեն անգամ ազդում է Վրաստանի տնտեսության վրա, հատկապես այն սննդամթերքների վրա, որոնք Վրաստան են ներմուծվում Թուրքիայից։ Ցավոք, մեր կանխատեսումներն այս տարվա համար խիստ մտահոգիչ են»,- «Ալիք մեդիային» ասում է տնտեսագետը։
Արդեն տևական ժամանակ արժեզրկվող թուրքական լիրան աննախադեպ գնաճի է հանգեցրել, աճել են մասնավորապես սննդի, տրանսպորտի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի գները։ Բրիտանական Standard Chartered բանկը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ թուրքական լիրան մեկ դոլարի դիմաց կնվազի մինչեւ 20, ինչը կդառնա «լիրայի իրական փլուզումը»։
Վրացի վերլուծաբանները կարծում են, որ լարին, ինչպես համավարակի սկզբնական շրջանում, այսօր էլ ավելի կտրուկ կարձագանքի թուրքական լիրայի ռեկորդային արժեզրմանը։
Թուրքիայի հարցերով փորձագետ Զուրա Բատիաշվիլին նշում է, որ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկեր երկրի տնտեսության ճգնաժամը (արժույթի արժեզրկում, եկամուտների նվազում, գործազրկության աճ), ուղիղ ազդեցություն ունի Վրաստանի վրա։
«Վրաստանի քաղաքացիներն աշխատում են Թուրքիայում, աշխատավարձ ստանում լիրայով, Վրաստան ուղարկելու համար այն փոխանակում են դոլարով կամ եվրոյով: Ստացվում է՝ լիրայի արժեզրկման պատճառով նրանք ավելի քիչ գումար են ուղարկում: Բացի այդ, մենք ականատես կլինենք Թուրքիայից ներդրումների և զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազման։ Թուրքիայից տարեկան ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ է այցելում Վրաստան, տնտեսական այս ճգնաժամի ֆոնին այդ թիվը շեշտակիորեն կրճատվելու է: Այս ամենն անխուսափելիորեն լրացուցիչ ճնշում է լարիի վրա», -ասում է Բատիաշվիլին։
Երկրի կենտրոնական բանկը, սակայն, վստահեցնում է, որ լիրայի արժեզրկման բացասական ազդեցությունը վրացական ազգային արժույթի վրա փոխհատուցվում է այլ երկրների արժույթների նկատմամբ լարիի ուժեղացմամբ։
Ֆինանսագետ Դավիթ Ցիկարիձեի կարծիքով՝ Վրաստանը՝ որպես ներմուծող երկիր, նույնիսկ կարող է շահել լիրայի արժեզրկումից։
«Թուրքիայի հետ մենք ունենք սերտ առևտրատնտեսական հարաբերություններ, ներկրվող ապրանքների գինը կարող է էժանանալ, և մենք այսօր արդեն տեսնում ենք, որ թուրքական որոշ ապրանքների գները իջել են։ Լիրայի արժեզրկմամբ լարիի վրա որևէ բացասական ազդեցություն պետք չէ սպասել։ Միֆ է, թե լարին ամեն անգամ հետևելով լիրային, գահավիժում է»։
Շենգելիան, սակայն, նշում է, որ Վրաստանի տնտեսությունը համավարակից և առտրատնտեսական խոշոր գործընկեր երկրից ստացած հարվածից դանդաղ է վերականգնվում, քանի որ ներկրող երկիր է։ Հարևան Հայաստանում, ըստ նրա, այս առումով հաճախ ավելի լավ վիճակ է լինում, քանի որ տնտեսությունը միտված է արտահանմանը, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ դա չի նշանակում, որ շարունակվող գնաճը բացասական ազդեցություն չի ունենալու Հայաստանի վրա։
«Հայաստանը տնտեսապես այդքան էլ կախված չէ Թուրքիայից: Նրա առևտրային ամենամեծ գործընկերը Ռուսաստանն է, որտեղ ևս գնաճ կա և ավելի մեծ, քան հայտարարվում է։ Սակայն նշանակություն չունի, թե որ երկրում է ինֆլյացիան, այդ երկրի հետ ուղիղ առևտուր կա, թե՝ ոչ, տարածաշրջանում և աշխարհում շարունակվող գնաճը չի շրջանցելու ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը»: