Այսօր՝ մայիսի 11-ին Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ այսօր Վրաստանի դեղատների ցանցերում առկա է Թուրքիայից ներկրված ավելի քան 400 տեսակի դեղամիջոց, որոնց թիվն օրեցօր ավելանում է։
Նախարարն ամփոփելով այս տարվա մարտ-ապրիլ ամիսների տվյալները, նշել է, որ այդ ընթացքում Վրաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի Թուրքիայից ներկրված դեղեր է գնել՝ 50 միլիոն լարիի (մոտ 16 մլն 666 հազար 666 դոլար) փոխարեն վճարելով մոտ 15 միլիոն լարի (մոտ 5 մլն դոլար)։
«Հետևաբար, ընդամենը այս երկու ամսում մենք զգալի խնայողություններ ունենք, որը կազմում է 35 միլիոն լարի (մոտ 11 մլն 666 հազար 666 լարի)»,- ասել է Ազարաշվիլին։
Առողջապահության նախարարը Վրաստանում Թուրքիայի դեղագործական շուկայի բացումը որակել է որպես բնակչության համար դեղերի հասանելիության բարձրացման ամենաանհաջող քայլերից մեկը.
«Այս տարվա սկզբին վարչապետի նախաձեռնությամբ մենք հայտարարեցինք խոշոր բարեփոխման մասին՝ դեղագործական շուկան ավելի թափանցիկ դարձնելու համար, որը կմեծացնի դեղերի հասանելիությունը, կնվազեցնի ծախսերը և կուժեղացնի դեղերի որակի վերահսկողությունը և կնպաստի դրանց ռացիոնալ օգտագործումը: Բարեփոխման արդյունքում մենք արդեն տեսնում ենք շոշափելի փոփոխություններ, որոնք արտահայտվում են գների մինչև 80 տոկոս նվազմամբ»:
Ազարաշվիլիի խոսքով՝ «իրենք տեղում (Թուրքիայում) ծանոթացել են դեղերի արտադրության գործընթացին և թուրք գործընկերներից ստացել են ամբողջական երաշխիք դեղամիջոցների որակի վերաբերյալ, որոնք համապատասխանում են բժշկության միջազգային ամենաբարձր չափանիշներին, այդ թվում՝ GMP ստանդարտին»:
Ինչպես նշել է նախարարը՝ բացի թուրքական շուկայի բացումից, համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են դեղերի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով քրոնիկ հիվանդությունների բուժման համար առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցները։ Ծրագրի բյուջեն 2021 թվականին գերազանցել է 24 մլն լարին (մոտ 8 մլն դոլար)։
Կարդացեք նաև՝