ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը, տեղեկացնում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։
Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ:
Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստան կմեկնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը:
Միջոցառման կազմակերպիչներ են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը (Երևան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը (Թբիլիսի), Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երևան):