Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների նախաձեռնությամբ անցկացվել են «Թումանյանական օրեր Թբիլիսիում»:
Ծրագրի շրջանակներում Թբիլիսիում հյուրընկալվել են հայ արվեստագետներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Երևանի պատվիրակությունն այցը սկսել է Հավլաբար թաղամասում գտնվող Երևանյան պուրակ և Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ: Հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:
Հյուրերն այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, ուր ամփոփված է մեծ բանաստեղծի աճյունը:
Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը կապված է նաև Վրաստանի ու վրացիների հետ: Նա հայ ընթերցողին նորովի ներկայացրեց վրաց գրականությունը: Թումանյանի հայտնի երկերը թարգմանվել են վրացերենով:
«Թումանյանական օրերի» մասնակիցներն այցելել են նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ, ուր նրանց դիմավորել են թատրոնի դերասաններն ու գեղարվեստական ղեկավարը:
Այցը եզրափակվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնում հյուրընկալվելով: