Թբիլիսիի նախակրթարանների սննդի մատակարարմամբ զբաղվող «Նիլի» ընկերությունը կաթնամթերք տրամադրող նոր կազմակերպություն է գտել ու ճաշացանկ վերադարձրել թթվասերն ու կաթնաշոռը:
Նշված կաթնամթերքներն ու նաև պանիրը մարտին հանվել էին երեխաների ճաշացանկից՝ նորմերին չհամապատասխանելու պատճառով: Ստուգումները պարզել էին, որ «Քոբուլետուրի» թթվասերը բուսական յուղ է պարունակում, իսկ գյուղատնտեսական կոորպորատիվի կողմից արտադրված պանիրը՝ կաթի փոշի: «Նիլի» ընկերությունն այժմ պանրի նոր մատակարար է փնտրում: Կաթնամթերք մատակարարող ընկերություններն արդեն կասկածի տակ են դրել փորձաքննության արդյունքները:
Նախակրթարանների սննդակարգը հաճախ է քննարկման առարկա դառնում Թբիլիսիում։ Նախորդ տարի վրաստանյան լրատվամիջոցները «Նիլի» ընկերության մասին տեղեկություններ էին տարածել՝ նշելով, որ կազմակերպությունը չի համապատասխանում պահանջվող ստանդարտներին, սակայն մեծ կապերի շնորհիվ նրան հաջողվում է շահել պետական տենդերները: Կազմակերպությունը այս լուրերը հերքել էր:
«Նիլին» զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ ու սնունդ է մատակարարում տարբեր պետական հաստատություններին: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, ISO որակի դափնեկիր է: Ունի 100 որակավորված աշխատակից: