ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ու նրա վարչակազմից Վրաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին պաշտոնապես ոչինչ չի լսվել: Վրաստանի ներքաղաքական և փորձագիտական շրջանակներում, սակայն, սպասում էին Թրամփի հայտարարություններին և տարածաշրջանի ու Վրաստանի վերաբերյալ դիրքորոշումներին:
Վերլուծաբանները կարծում են՝ Վաշինգտոնը կարող է իր դիրքորոշումը հայտնել փետրվարի կեսերին, թեև չեն բացառում, որ գործընթացը կարող է ավելի երկար տևել: Ըստ վերլուծաբանների՝ հիմնական շեշտը դրվելու է մի կողմից Վրաստանի ներքաղաքական գործընթացների, մյուս կողմից՝ Վրաստանի արտաքին քաղաքականության վրա։
Վրաստանյան ընդդիմությունն ակնկալում և հրապարակային հայտարարություններում ասում է, որ Թրամփը և նրա վարչակազմը քննադատաբար կվերաբերվեն «Վրացական երազանք»-ի կառավարությանը և չեն բացառի լրացուցիչ պատժամիջոցները։ «Վրացական երազանք»-ը պնդում է, թե Թրամփի գալուց հետո աշխարհում իրավիճակի փոփոխություն է սպասվում, այդ թվում՝ Վրաստանի նկատմամբ. ասում են՝ կվերականգնվեն Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին Թրամփի վարչակազմի առաջնահերթությունը Վրաստանն ու տարածաշրջանը չեն, բայց առաջիկայում պետք է սպասել զարգացումների:
Կոնֆլիկտաբանը կարծում է, որ Թրամփի վարչակազմից Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցների ակնկալիքը քիչ է, բայց արդեն իսկ սահմանած պատժամիջոցները ևս չեն վերացվի:
«Թրամփին հետաքրքրում են Ուկրաինան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պաղեստինը, Իսրայելը: Այս պահին նրան Կովկասը չի հետաքրքրում. Կովկասով ավելի ուշ կհետաքրքրվի, հավանական է՝ 5-6 ամիս անց», — ասաց Զաքարեիշվիլին:
Նա նաև չի բացառում, որ Թրամփի վարչակազմին կհաջողվի հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Կարծում է՝ Թրամփի մոտ կստացվի այդ նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հասցնել Վաշինգտոն:
Սև ծովի միջազգային համալսարանի պրոֆեսոր և վերլուծաբան Նիկա Չիտաձեն կանխատեսում է, որ մինչև փետրվարի կեսերը պետք է ակնկալել Վրաստանի վերաբերյալ հայտարարություն. Թրամփը և նրա վարչակազմը քննադատաբար կվերաբերվեն Վրաստանի կառավարությանը։
«Կարծում եմ, Թրամփը քննադատաբար կվերաբերվի Վրաստանի կառավարությանը, այդ թվում՝ Չինաստանի և Իրանի հետ հարաբերություններին։ Ըստ իս, Թրամփն արդեն ունի այդ տեղեկությունը, քանի որ Ջո Ուիլսոնը նույնպես հայտարարել է, որ նրա հետ ուղղակիորեն խոսել է։ Կարծում եմ, փետրվարի առաջին կեսին ինչ-որ հայտարարություն արդեն կլինի», — ասել է Չիտաձեն։
Վերլուծաբան Ռամազ Սակղվարելիձեն Թրամփի կողմից հայտարարությունների սպասում է գարնանը: Կարծում է՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերություները կազդեն տարածաշրջանի վրա:
«Ընդհանուր առմամբ, Թրամփի և Պեկինի հարաբերություններում շատ բան կազդի մեզ վրա, քանի որ Կովկասը, մասնավորապես Վրաստանը և Ադրբեջանը, համարվում են չինական տարանցիկ ուղիներ: Այս հարցերի լուծումը հիմք կհանդիսանա ապագա դիրքորոշման համար, որը Թրամփը կարող է որդեգրել Վրաստանի նկատմամբ», — նշել է վերլուծաբանը։
Նշենք, որ հունվարի 20-ին` Թրամփի երդմնակալության օրը, Վաշինգտոնում էին Վրաստանի մի շարք ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք զուգահեռ հանդիպումներ էին ունենում վրացական հիմնախնդիրը վերաակտիվացնելու համար: Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդմնակալության արարողությանը ներկա էր որպես պատվավոր հյուր։ Իսկ ահա «Վրացական երազանք»-ը հրավիրված չէր:
Հիշեցնենք. 2024 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգները դադարեցրել է երկարամյա գործընկերությունը Վրաստանի հետ։ Վրաստանի հետ գործընկերությունը դադարեցնելուց երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ 4 տարով հետաձգում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը: Այս որոշումը հազարավոր մարդկանց դուրս բերեց մայրաքաղաքի փողոցներ։ Եվրոպամետ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են: