Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված կրակոցներին։ Նա երկու հայտարարությամբ է անդրադարձել միջադեպին։
Facebook սոցիալական ցանցում հրապարակված վրացալեզու հայտարարության մեջ Կոբախիձեն նշել է, որ Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած է, այսպես կոչված, «գլոբալ պատերազմի կուսակցությունը»՝ մի ուժ, որի մասին, բացի «Վրացական երազանքից», ոչ ոք չի խոսում, իսկ իշխող կուսակցության ղեկավարները չեն պատասխանում այն հարցին, թե ում նկատի ունեն այս բնորոշմամբ։
«Գլոբալ պատերազմի կուսակցությունը չի փոխում իր մեթոդները։ 21-րդ դարում լիբերալ ֆաշիզմը, արմատականությունը, բևեռացումը, ատելությունը և քաղաքական գործիչների վրա արյունալի հարձակումները դարձել են սովորական Ամերիկայում և Եվրոպայում: Ես համերաշխություն եմ հայտնում և առողջություն եմ մաղթում Դոնալդ Թրամփին»,- գրել է Իրակլի Կոբախիձեն։
Իսկ X սոցիալական ցանցում անգլալեզու հայտարարության մեջ Կոբախիձեն չի հիշատակում, այսպես կոչված, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» և դատապարտում է քաղաքականության մեջ բռնության բոլոր ձևերը.
«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի, և մենք դատապարտում ենք դրա բոլոր ձևերը։ Նախագահ Թրամփին մաղթում եմ շուտափույթ և լիարժեք ապաքինում։ Իմ մտքերն այժմ նրա և նրա ընտանիքի հետ են, մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին»,- գրել է Կոբախիձեն X-ի անգլալեզու հայտարարության մեջ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ապատեղեկատվական նարատիվները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ նոր երանգ են ստացել՝ դավադրության տեսությունների տեսքով. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ստիպում է այլ պետությունների ինչ-ինչ քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»:
«Գլոբալ պատերազմի կուսակցությունն» ու իշխանական վերնախավի խառնաշփոթը