Թրամփը չի կանգնի Վրաստանի ավտորիտար ռեժիմի կողքին. ընդդիմություն

Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները/կոալիցիաները համակարծիք են՝ ԱՄՆ նորընտիր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը չի կանգնի «Վրացական երազանքի» ավտորիտար ռեժիմի կողքին. իշխող թիմի խնդիրներն էլ ավելի են խորանալու:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն Թամփի հաղթանակի վերաբերյալ վրաստանյան ընդդիմադիրների արձագանքը ներկայացնում է ամփոփ:

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հայտարարել է՝ Թրամփի հաղթանակով «Վրացական երազանքի» առկա խնդիրներն էլ ավելի են սրվելու։

«Վստահ եմ, որ հանրապետականների հաղթանակով այսօրվա «Երազանքի» խնդիրներն էլ ավելի են սրվելու։ Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է գործում պետությունն ընդհանրապես, հատկապես՝ ԱՄՆ-ը։ Հատկապես՝ վերջերս, երբ Վրաստանի վերաբերյալ երկկուսակցական որոշումները սովորական երևույթ են դարձել։ Ուստի «Երազանքը» շատ սխալ է, եթե կարծում է, որ Թրամփի հաղթանակի պայմաններում ինչ-որ թեթևացում կլինի (ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում-հեղ.)։ Ընդհակառակը, Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումն էլ ավելի կկոշտանա»,- ասել է Գախարիան։

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Թինա Բոկուչավան «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին վստահեցնում է՝ ԱՄՆ քաղաքականությունն էլ ավելի խիստ է լինելու վրացական կառավարության նկատմամբ։

«Եթե ​​Իվանիշվիլին հույս ունի, որ դեմոկրատների վարչակազմը հանրապետական ​​վարչակազմով փոխարինելով, ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ քաղաքականության մեջ իր կառավարության և անձամբ իր նկատմամբ, նա շատ է սխալվում։ Մենք բազմիցս տեսել ենք, որ Դոնալդ Թրամփին աջակցող ամերիկացի օրենսդիրներն աչքի են ընկել Իվանիշվիլիի ռուսամետ ռեժիմի նկատմամբ շատ ավելի խիստ հայտարարություններով ու պահանջներով։ Մի քանիսը նշելու համար դա, օրինակ, Ջո Ուիլսոնն է, ինչպես նաև Մայք Ջոնսոնը, նա ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հանրապետականներից երկրորդն է»,- ասել է Բոկուչավան:

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն պնդում է՝ թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները նույն դիրքորոշումը կունենան Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ ով էլ որ նախագահ լինի Միացյալ Նահանգներում, մենք պետք է նայենք մեր երկրին։ Մեր երկրին նայել նշանակում՝ է թույլ չտալ կեղծիքներ, ձայներ գողանալ և այլն։ Ոչ ոք չի պատրաստվում օտար երկրից գալ այստեղ, անել այն, ինչ մենք պետք է անենք, անկախ նրանից, թե ովքեր են նրանք…»,- ասել է Խազարաձեն:

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս հանդիսացող «Լելո» կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին վստահ է, որ ԱՄՆ-ի ոչ մի վարչակազմ, անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը, չի կանգնի «Վրացական երազանքի» ավտորիտար ռեժիմի կողքին։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Մելիայի խոսքով՝ «կեղծ կառավարությունն» ընդունելի չի լինի ԱՄՆ-ի ոչ մի վարչակազմի համար։ Մելիան ասել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կտրուկ ոչինչ չի փոխվի, եթե ինչ-որ բան լինի, կփոխվի միայն դեպի լավը։

«Խարդախ կառավարությունն ընդունելի չի լինի Թրամփի, Բայդենի կամ  ԱՄՆ որևէ այլ վարչակազմի համար: Որովհետև ԱՄՆ-ը դարեր շարունակ տարածում և քարոզում է ժողովրդավարություն և ժողովրդավարական արժեքներ։ Իվանիշվիլիի կառավարությունը սահմանափակում է ժողովրդավարությունն այս երկրում, փորձում է ռուսական օլիգարխիա հաստատել…»,- ասել է Մելիան։

Ի դեպ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահական և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա։