Թբիլիսիի պետական համալսարանում (ԹՊՀ) ուսանողական շարժումն այսօր վերսկսել է բողոքի ակցիան։
Ուսանողների պահանջներին գումարվել է նաև ԹՊՀ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հրաժարականը։
Ուսանողների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պահանջում են նաև ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն։ Նրանք կարծում են, որ ԹՊՀ 38 հոգանոց գիտական խորհրդի փոխարեն ռեկտորը պետք է ընտրվի նույն համալսարանի դասախոսների մեծամասնությամբ՝ ուղղակի, գաղտնի քվեարկությամբ։
Նրանց մյուս պահանջներն են.
- պետությունը պետք է արժանապատիվ հանրակացարան կառուցի պետական բուհերի բոլոր ուսանողների համար,
- փոխել այս կիսամյակի ավարտական քննությունների ձևաչափը: Ավելացնել քննական կենտրոններ բոլոր խոշոր քաղաքներում կամ քննությունների հանձնումը կազմակերպել առցանց:
- ուսանողները պետք է լինեն առաջնահերթություն:
«Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում ԹՊՀ ռեկտոր Շարվաշիձեն ասել է, որ «համալսարանի համար առաջնային խնդիրը դասավանդման բարձր որակի պահպանումն է։ Կարևոր է մրցունակ և որակյալ մասնագետներ պատրաստելը, ինչին կարելի է հասնել ստանդարտ՝ լսարանային պատրաստվածության պայմաններում»:
Շարվաշիձեի խոսքերով, ԹՊՀ-ն տարածաշրջանում միակ համալսարանն է, որը ներկայում անցնում է միջազգային հավատարմագրում, որը գնահատվում է Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կողմից: Ուստի կարևոր է դասավանդման կրթության բարձր որակը և յուրաքանչյուր ուսանողի ներգրավվածությունը ուսումնական գործընթացում.
«Համալսարանում կուսակցություններ չկան, ուսանողները կամ դասախոսները մեկ ընդհանուր խնդիր ունեն՝ պահպանել դասավանդման որակը»:
ԹՊՀ ռեկտորն անդրադառնալով ուսանողների պահանջներին՝ ասել է, որ ողջունում է ուսանողական ակտիվությունը, բուհն այս առումով միշտ էլ աչքի է ընկել՝ իրենք արտահայտվելու ազատության կողմնակիցն են.
«Ուսանողների մի մասը խնդրում է քննություններն առցանց հանձնել։ Ես երկու անգամ հանդիպել եմ այս ուսանողական խմբին: Ես հասկանում եմ, որ համավարակից հետո դժվար է վերադառնալ բնականոն կյանքին։ Բայց երբ այլևս չկա համավարակային իրավիճակը, երբ երկրում գործնականում բոլոր ոլորտներում վերականգնվել է աշխատանքային ստանդարտ գործընթացը, համալսարանը նույնպես պետք է վերադառնա սովորական կրթական ռեժիմին»։
Կարդացեք նաև՝