Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների համար կստեղծվեն դասագրքերի աուդիո տարբերակներ։ Այս կապակցությամբ ԹՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ջաբա Սամուշիան աշխատանքային հանդիպում է անցկացրել ԹՊՀ կենտրոնական գրադարանի և Ազգային գիտական գրադարանի ներկայացուցիչների հետ։
ԹՊՀ-ի տարածած տեղեկության համաձայն՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրադարանի ներկայացուցիչները համապատասխան սարքավորումների միջոցով ստեղծեն աուդիո ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար, որոնք հասանելի կլինեն նաև ԹՊՀ բոլոր ուսանողներին։ Ուսանողները կամավոր կներգրավվեն աուդիո տարբերակների պատրաստման գործընթացում և կստանան համապատասխան վճար։
Ըստ ԹՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ջաբա Սամուշիայի, լսողության խնդիրներ ունեցող ուսանողների համար, բացի աուդիո դասագրքերից, նախատեսվում է ժեստերի լեզվով դասագրքերի տեսագրություններ կատարել։
«Մեր նպատակն է հնարավորինս հեշտացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ինտեգրումը համալսարանական կյանքին»,- ասել է Ջաբա Սամուշիան։