Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտորն ուսանողներին թույլ չի տալիս համալսարանի շենքում սեղաններ դնել և ստորագրություններ հավաքել «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաքի համար։
Նախագահը խոսել է նաև դպրոցականների նկատմամբ ճնշումների մասին. «Եղել եմ գյուղերում: Ինձ շատ անհասկանալի է, որ մունիցիպալիտետի ներկայացուցիչները չեն գալիս հանդիպման, երբ նախագահը գնում է այնտեղ։ Նրանք չեն հանդիպում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, երբ նրանք նույնպես ներկա են լինում այդ հանդիպումներին, որոնց նպատակը մեկն է՝ Վրաստանի եվրոպական ուղին։ Ավելի վատ է դպրոցական երեխաներին սպառնալը, որ չգան հանդիպման: Չեմ հասկանում, թե ինչու Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը ուսանողներին թույլ չի տալիս սեղաններ դնել և ստորագրել շատ պարզ հայտարարության տակ»:
Ըստ նախագահի՝ ռեկտորն ասել է, որ համալսարանի շենքի ներսում քաղաքական միջոցառում չի կարող անցկացվել։ Սակայն, ըստ նախագահի՝ ստորագրահավաքի տեքստն ամենաապաքաղաքականն է։
Ուսանողները ստորագրություններ են հավաքում Թբիլիսիի պետական համալսարանի երկրորդ մասնաշենքի դիմաց:
Ի դեպ, նախագահը ստորագրություններ է հավաքում, որը կոչ է անում եվրոպացի առաջնորդներին Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Քարոզարշավի շրջանակներում նա հանդիպումներ է անցկացնում շրջաններում, որոնց, Զուրաբիշվիլիի խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները չեն մասնակցում։