Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները, որոնք շաբաթներ շարունակ պահանջում էին դասավանդման հիբրիդային ռեժիմ և առցանց քննություններ, այժմ պահանջում են հանդիպում ռեկտորի հետ։
Ըստ ուսանողների՝ Թբիլիսիում բնակարանների թանկացման պատճառով իրենք չեն կարողանում վճարել վարձը և մնալ մայրաքաղաքում։ Նրանք շաբաթներ շարունակ պահանջում էին, որ ուսուցումն անցկացվի հիբրիդային ռեժիմով, այսինքն՝ թե՛ դասախոսությունները, թե՛ քննությունները ուսանողների համար, ովքեր ի վիճակի չեն մնալ Թբիլիսիում, լինի առցանց։
Այնուհանդերձ, համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ ամփոփիչ քննությունները Թբիլիսիից բացի կանցկացվեն նաև Քութայիսիի և Ախալցիխեի քննական կենտրոններում։
ԹՊՀ-ի ուսուցման կառավարման դեպարտամենտի ղեկավար Շոթա Պոտոլաշվիլիի խոսքով՝ բուհի ղեկավարությունը հաշվի է առել ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակը և առաջարկել է երկու այլընտրանքային վայր վերջնական քննությունների համար․
«Այլընտրանքային քննական կենտրոններում ուսանողների գրանցումը տևել է 4 օր և այն ավարտվում է այսօր։ Գրանցման արդյունքում միայն 115 ուսանող է ցանկություն հայտնել քննություն հանձնել Քութայիսիի և Ախալցխայի քննական կենտրոններում»։
Նշենք, որ բողոքների արդյունքում ԹՊՀ-ում ուսուցման գործընթացն իրականացվում է հիբրիդային ձևաչափով, ինչը նշանակում է, որ կան և՛ առցանց, և՛ առկա դասեր՝ կախված ֆակուլտետից։ Համալսարանում սովորում է մինչև 24 հազար ուսանող։