Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժինը այսօր դարձավ 100 տարեկան։ Հայագիտության ամբիոնը ԹՊՀ֊ում հիմնվել է 1922 թվականին։ Մինչ այդ՝ համալսարանի հիմնադրման օրվանից այս ԲՈՒՀ–ում դասավանդվել են մի շարք հայագիտական առարկաներ։
100–ամյակի կապակցությամբ համալսարանում կազմակերպվել էին կոնֆերանս և ցուցահանդես։
Ցուցահանդեսում ներկայացված էին հայերեն և վրացերեն գրքեր, ձեռագրեր, ցուցանմուշներ։
Հայագիտության ամբիոնի պատմությունը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ներկայացրեց համալսարանի պրոֆեսոր, մասնագիտությամբ հայագետ Լելա Ջեջելավան։
«Այսօր լրանում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադրման 100 տարին: Այն, որ համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո անհրաժեշտ է եղել ստեղծել հայագիտության ամբիոն, վկայում է, թե որքան են կարևորել վրաց պատմության հայր ու Վրաստանի առաջին համալսարանի հիմնադիր Իվանե Ջավախիշվիլին և նրա թիմը հարևան երկրի` Հայաստանի մշակույթի ու պատմության ուսումնասիրությունը», — ընդգծեց հայագետը։
Ջեջելավայի գնահատմամբ` 100 տարվա ընթացքում հայագիտության ամբիոնն անցել է հարուստ և հետաքրքիր գիտական ուղի։
«Հայագիտության ասպարեզում գործունեություն ծավալած վրացի հայտնի գիտնականների թվում են՝ Իլիա Աբուլաձեն, Զազա Ալեքսիձեն, Իվանե Շիլակաձեն, Էլենե Դոչանեշվիլին։ Վրացի հայագետները այժմ էլ հաջողությամբ աշխատում են տարբեր ոլորտներում՝ լինի գիտահետազոտական ինստիտուտ, թե պետական այլ գերատեսչություն»։
Զրուցակցիս ընդգծմամբ` Խորհրդային Միության փլուզումից հետո հայագիտության ամբիոնին հատուկ գործառույթ է տրվել։
«Խորհրդային Միության փլուզումից հետո այստեղ ստացած գիտելիքը ձեռք է բերել նաև գործնական նպատակ, ուստի այսօր դասավանդվում է նաև այնպիսի առարկա, ինչպիսին ժամանակակից Հայաստանի քաղաքական և տնտեսական մշակութային իրավիճակն է» , — պատմում է Ջեջելավան և հավելում․ «Շատ կարևոր է, որ հայագիտությունը` որպես գիտության ճյուղերից մեկը, չնայած մեր առջև ծառացած դժվարություններին, օրինակ՝ ուսանողների սակավաթվությանը, մինչ այսօր պահպանել է իր գոյությունը։ Շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր հայ երիտասարդները սկսել են հետաքրքրվել հայագիտությամբ և հայագիտական կրթություն են ստանում Թբիլիսիի պետական համալսարանում»։
Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնի շրջանավարտներից մեկը՝ Արմինե Պոդոսյանը, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում խոստովանեց, որ իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ հնարավորություն է ունեցել այդ մասնագիտական ուղղվածությամբ ստանալ բարձրագույն կրթություն․
«Սա շատ կարևոր ամսաթիվ է մեր ամբիոնի և երկու հարևան երկրների համար։ Վրաց-հայկական բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները, Վրաստանի վերաբերյալ հայկական աղբյուրներում տեղ գտած պատմական իրադարձությունները, Վրաստանում հայ բնակչության առկայությունը նպաստեցին հայագիտության հետազոտությունների զարգացմանը մի քանի ուղղություններով, որոնք այսօր էլ շարունակում են ուսումնասիրվել։
Ամբիոնում ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու աշխարհահռչակ հայ, վրացի և արտասահմանյան հայագետների ուսումնասիրություններին, նաև` ուսումնասիրել հնագույն ձեռագրեր, որոնք պահվում են Կորնելի Կեկելիձեյի անվան ձեռագրերի ինստիտուտի պահոցներում։ Կարծում եմ՝ վերջինս բացառիկ հնարավորություն է հայագիտության ամբիոնի ուսանողների համար, քանի որ ոչ բոլորին է հասանելի նման ձեռագրերի վրա աշխատանքը», — ասում է Պոդոսյանը։
Պոդոսյանն ընդգծում է, «Իմ հայագետ դասախոսներն ամենամեծ դերն են խաղացել որպես անհատ իմ ձևավորման հարցում։ Եթե չլինեին նրանք, գուցե ես այսօր չլինեի այն, ինչ կամ։
Լեզվից, պատմությունից, գրականությունից զատ, դասախոսները մեզ սովորեցրին հավասարապես լինել երկու երկրի զավակ, սիրել երկու լեզու, ինտեգրվել վրաց հասարակությանը, մեզ զգալ մեր երկրի լիարժեք քաղաքացիներ»։
Թե ինչպես որոշեց ընտրել հայագիտությունը, Արմինե Պոդոսյանը պարզաբանում է․
«Համալսարան ընդունվել եմ 1+4 ծրագրով՝ չկողմնորոշվելով, թե որ ուղղությամբ պետք է գնամ նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո։ Ընկերներիցս մեկն ասաց, որ իրեն դասավանդում է վրացի դասախոս, որը շատ լավ գիտի հայերեն։ (Դասախոսը Նինո Գոքաձեն էր – Տ.Խ.)։ Ինձ միանգամից հետաքրքրեց այդ փաստը, ծանոթացա Գոքաձեի հետ, ու նա պատմեց հայագիտության ամբիոնի մասին»։
Արմինեն անկեղծանում է, որ նախնական փուլում վստահ չէր, անգամ որոշել էր փոխել մասնագիտությունը, ընտրել միջազգային հարաբերությունների բաժինը, բայց ի վերջո ընտրել է հայագիտությունը․
«Սա է իմ սրտի մասնագիտությունը՝ թեկուզև ժամանակակից չէ, թեկուզ կարծում են, որ հայերեն իմացողը Վրաստանում նորից հայերեն չպետք է ուսումնասիրի` չխորանալով, որ մենք այստեղ միայն հայերեն չենք ուսումնասիրում։ Ես պատրաստվում եմ ուսումս շարունակել այստեղ, նպաստել մեր երկրների գիտական, պատմական, հոգևոր֊մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը»։
Ներկայացնում ենք լուսանկարներ ԹՊՀ հայագիտության ամբիոնի 100–ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսից։