2024 թվականի նոյեմբերի 29-ին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի (ԹՊՀ) հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի մի շարք դասախոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ քննադատելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը: Վերջինս նշել էր, որ ԵՄ հետ բանակցությունները մինչ 2028 թվականը օրակարգում չեն լինելու: (Ֆակուլտետի կայքը հրապարակումից մեկ օր անց արգելափակվել է անորոշ ժամանակով)։
Հայտարարության մեջ քննադատվել է նաև նոյեմբերի 28-29-ի ցույցերի ընթացքում ոստիկանության և հատուկջոկատայինների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ և լրագրողներ վնասվածքներ են ստացել։
«2024 թվականի գարնանից Վրաստանում ընթացող գործընթացները, մասնավորապես՝ օտարերկրյա ազդեցության թափանցիկության և ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության մասին օրենքների նախագծերն ուղղակիորեն խոչընդոտում են Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը։ Դրանք վտանգում են նաև մեր ֆակուլտետի կրթական ծրագրերի իրականացումը՝ հիմնված էթիկայի նորմերի պահպանման և ակադեմիական ազատության վրա։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կպաշտպանեն հասարակության բոլոր խմբերի իրավունքներն ու կխթանեն հավասարությունը և հանդուրժողականությունը։
Դրանից բացի, ուզում ենք ընդգծել, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ լուրջ մանիպուլյացիաների ապացույցների առկայության և Սահմանադրական դատարանում գործի քննության ֆոնին նոյեմբերի 25-ի խորհրդարանական նիստի անցկացումը խախտում է Վրաստանի Սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի պահանջները», — նշված է հայտարարության մեջ։
ԹՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ, ի պատասխան վարչապետի հայտարարության, հայտարարել են դասադուլ։ Ի տարբերություն այլ համալսարանների, ինչպիսիք են Կովկասյան համալսարանը, Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարանը, Վրաստանի համալսարանը և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA), ԹՊՀ-ն ուսումնական գործընթացը չի դադարեցրել։
Այնուամենայնիվ, համալսարանն ուսանողներին ուղարկել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն.
«Վերջին օրերին զարգացող իրադարձություններից ելնելով՝ ուսանողների մի մասն արտահայտել է համալսարանում ուսումնական գործընթացի կասեցման վերաբերյալ իր տեսակետը։ Համալսարանը հարգում և հաշվի է առնում յուրաքանչյուր ուսանողի տեսակետն ու արտահայտման հիմնարար իրավունքը։ Համապատասխանաբար, այն ուսանողները, որոնք չեն կարողանա մասնակցել ընթացիկ դասախոսություններին և այլ ուսումնական դասընթացների, չեն համարվի բացակա, և ուսումնական բաղադրիչները նրանց համար կվերականգնվեն անհատական կարգով մինչև կիսամյակի ավարտը։ Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը միշտ եղել է, կա և կմնա եվրաինտեգրման անվերապահ աջակիցը»:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ԹՊՀ հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի մի ուսանող նշեց, որ այս պահին համալսարանի, ավելի կոնկրետ` դասախոսների աջակցությունը շատ կարևոր է բոլոր ուսանողների համար։
«Ուրախ եմ, որ իմ ֆակուլտետի դասախոսների մեծ մասը պատմության ճիշտ կողմում է և պաշտպանում է մեզ՝ ուսանողներիս։ Կուզենայի համալսարանը պաշտոնապես դադարեցներ դասընթացները, ինչպես դա արել է Կովկասյան համալսարանը», — ասաց նա։
Նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացավ ցույցերին և նշեց, որ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Նշենք, որ քննադատելով վարչապետի հայտարարությունը և համարելով հակաեվրոպական` մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության, կրթության և գիտության նախարարության, պաշտպանության նախարարության, արդարադատության տան, Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներից շատերը հայտարարություններ են հրապարակել։
Հրաժարական են տվել Նիդերլանդներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան, Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին, Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան, Վրաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Թեիմուրազ Ջաջանիան։