ԹՊՀ դասախոս Գիորգի Ցերցվաձեին հեռացրել են համալսարանից

Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) դասախոս, իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Գիորգի Ցերցվաձեի խոսքով, իրեն հեռացրել են համալսարանից։ Այդ տեղեկությունը նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Ինձ հեռացրին համալսարանից: Հիմա որ վերլուծում եմ՝ ավելի շուտ էին հեռացրել: Այսօր բացել եմ աչքերս և ուզում եմ անկեղծորեն զղջալ այն տխուր իրականության համար, որ նման լկտիությամբ ու անզուսպ ցինիզմով էի ջուր լցնում խորքային պետության (Deep State) և «գլոբալ պատերազմի կուսակցության» ջրաղացին», — հեգնանքով գրել է Ցերցվաձեն։

Ցերցվաձեն շնորհակալություն է հայտնել նաև իր գործընկերներին, որոնք ստանձնել են իր առարկաների դասավանդումը:

«Շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք պատրաստակամորեն իրենց վրա են վերցրել դասավանդել իմ առարկաները, որոնք ինձնից առաջ ընդհանրապես չեն դասավանդել, ինքս եմ առաջարկել ու ներկայացրել 2011 թվականին։ Նաև, եթե անհրաժեշտություն առաջանա, կարող եմ մատնանշել մեկ-երկու հոգու, որոնք հրապարակային չեն գրում, բայց հաստատ գիտեմ, որ խորքային պետության (Deep State) և «գլոբալ պատերազմի կուսակցության» երկրպագուներ են: Ի սրտե», — գրել է նա։