Թոռնիկե Ռիժվաձեն հրաժարական է տվել

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն հրաժարական է տվել, այս տեղեկությունը հանրությանը նա հայտնել է Facebook-ում հրապարակված գրառմամբ։

Հրաժարականի տեքստում նա գրել է, որ թարմության ժամանակն է, թեև ինքը շարունակում է մնալ «Վրացական երազանք»-ի հավատարիմ զինվորը։ Ռիժվաձեն շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիին, Իրակլի Կոբախիձեին և Միխեիլ Կղավելաշվիլիին, աշխատակիցներին, կուսակցության անդամներին, թիմին և վերջապես Աջարիայի բնակչությանը` «հայտարարված վստահության համար»։

«Արդեն յոթերորդ տարին է, ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը, ժամանակն է նոր բան անելու, և ցանկանում եմ հաջողություն մաղթել հաջորդ նախագահին։ Ես մնում եմ «Վրացական երազանք»-ի հավատարիմ զինվորը և վստահ եմ, որ մեզ շատ մեծ հաղթանակներ են սպասվում», — ապրիլի 4-ի ժամը 10:28-ին հրապարակված գրառման մեջ հայտնել է Ռիժվաձեն:

Աջարիայի կառավարության նախագահի պաշտոնում Ռիժվաձեն փոխարինել է Զուրաբ Պատարիձեին, որն այս պաշտոնից հետո նշանակվել է Ադրբեջանում դեսպան։

Ինքը՝ Ռիժվաձեն, մինչ Աջարիայի կառավարության ղեկեավարումը եղել է էներգետիկայի փոխնախարարը, նաև «Վրացական էներգետիկայի զարգացման հիմնադրամ»-ի տնօրենը, իսկ 2014-2016 թվականներին եղել է Աջարիայի կառավարության տնտեսական խորհրդի խորհրդականը ներդրումային և տնտեսական հարցերով։

2010-2011 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունում՝ որպես գործատուների հետ հարաբերությունների համակարգող։