Այսօր` հուլիսի 10-ի առավոտյան, Վրաստանում վեճ է եղել Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրող վարորդների ու տեղացների միջև։
Վեճի հետևանքով տուժած հայազգի վարորդներն ահազանգել են «Ալիք մեդիային»՝ նշելով, թե ճանապարհին կանգնեցրել են իրենց մեքենան, ծանր իրերով հարվածներ հասցրել ինչպես մեքենաների, այնպես էլ վարորդների ուղղությամբ։
«Մեզնից առաջ ցորեն ներկրող մեքենաներ են անցած եղել, թե ինչ է եղել չգիտենք, բայց իրենց էլ են վնասել, հետո մենք՝ մի քանի մեքենայով անցնելիս, էլի հարձակվեցին։ Դա էնպիսի ճանապարհ է, որտեղ շատ դանդաղ են ընթանում, այսինքն որևէ խնդիր չէր կարող լիներ։ Մենք չգիտենք էս ամենի պատճառը որն ա։ Ավտոն քաշեցին դեմը, ավտոն կանգնեցրին, իջան կոտրեցին ու թողեցին գնացին, էնքան արագ եղավ էդ ամենը։ Չգիտեմ, էս ամենը չի կարող էսպես շարունակվել, ամեն անգամ վախով ենք գնում գալիս։ Եթե էս հարցի լուծումը չտրվեց, ինքնադատաստանի է վերածվելու էս ամենը, թող մեզնից հեռու մնան»,-ասում է տուժած վարորդներից մեկը, որի մեքենայի դիմապակին են կոտրել։
Մեկ այլ վարորդ էլ նշում է, որ իրենց մեքենաները ռուսական համարներով են, ու ենթադրում է, որ հնարավոր է բռնության պատճառը հենց այդ համարներն են եղել․
«Մենք քանի տարի այդ ճանապարհով անցնում ենք, բայց նման բան չէր եղել, էս օրերին էսպես կատաղել են։ Մենք, իհարկե, ասեցինք, որ հայեր ենք, բայց չլսեցին ու հարձակվեցին»։
Արդեն օրվա երկրորդ կեսին տեղի ունեցածի մասով հայտարարություն է տարածել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատունը՝ նշելով, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա (Լարս) գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։
«Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն»,-հայտնում են դեսպանատան լրատվական ծառայությունից։