Թեյի արտադրությունից մինչև պետական լեզվի ուսուցում

Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցի վրա 22-ամյա Մզիսա Խմալաձեն բացել է սեփական թեյի արտադրամաս, որտեղ աղջիկը թեյ է պատրաստում ու իրեն մուլտֆիլմի հրաշագործ զգում։ Երիտասարդ աղջիկը փորձում է համատեղել բիզնեսն ու սոցիալական գործունեությունը, թեյի բիզնեսից ստացած եկամտի մի մասը տրամադրում է մարզում առկա խնդիրներից մեկի՝ պետական լեզվի չիմացության հարցի լուծմանը։

Խմալաձեն արտադրում է տարբեր բուսական թեյեր` դաղձի, վարդի, մասուրի, երիցուկի, սրոհունդի և այլն. «Թեյ պատրաստելիս ինձ մուլտֆիլմի հրաշագործ էի պատկերացնում»։

 

«Ինչպես որոշեցի այս գաղափարը իրագործել. պատճառներից մեկը Սամցխե-Ջավախեթիում առկա խնդիրներից մեկն է՝ լեզվի չիմացության խնդիրը, մյուսն էլ` թեյ պատրաստել շատ էի սիրում, մեր գեղեցիկ դաշտերից բույսեր հավաքելով փորձեր էի կատարում. որոշեցի իրար կապել այս երկու գաղափարը։

Թեյի համար ձեռնարկատերն ընտրել է Rund tea անունը, «ըրունդը»՝ ջավախքցիների բարբառով «գեղեցիկ» է նշանակում։

Վերջում որոշեցի, որ ամեն թեյի տոպրակի մեջ լինի վրացերեն գրված արտահայտություն, որն օգտագործում ենք առօրյայում ու դրա նշանակությունը, և այդ ճանապարհով թեյն օգտագործողը ամեն անգամ մի արտահայտություն կսովորի», — պատմում է աղջիկը։

Խմալաձեն իր գաղափարն իրականացրել է CENN կազմակերպությունից ստացած ֆինանսավորման արդյունքում․ «Նախքան դրամաշնորհ ստանալը դասընթացներ անցանք սոցիալական ձեռնարկատիրության մասին, այնուհետև ներկայացրինք գաղափար և ստացանք ֆինանսավորում»։

Աղջիկը խոստովանում է, որ կասկածում էր` ներկայացնել նախագիծը, թե` ոչ, ի վերջո` որոշում է չներկայացնել ծրագրի առաջին փուլին, մասնակցում է երկրորդ փուլին ու հաղթում։

«Ծրագրի շրջանակներում անցկացրել եմ նաև վրաց լեզվի 3-ամսյա կուրս, իսկ այժմ ունեմ վրաց լեզվի ակումբ. նպատակը, բնականաբար, էթնիկ փոքրամասնությունների (չեմ սիրում այս բառը՝ փոքրամասնություն) ներկայացուցիչներին օգնելն էր վրաց լեզուն սովորելու հարցում։ Ակումբը ևս կրում է թեյի արտադրամասի անունը»,- մանրամասնում է Խմալաձեն։

Նախագիծն իրականացնելուց առաջ ունեցել եմ վախեր, բախվել եմ մարտահրավերների, բայց նաև պատրաստ էի ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում գաղափարիս իրականացմանը, անկեղծանում է Խմալաձեն․ «Կարծրատիպ գոյություն ունի, որ երիտասարդը չի կարող զբաղվել բիզնեսով կամ ձեռնարկատեր լինել։ Շատերը լուրջ չեն վերաբերվում երիտասարդներին, ինձ էլ են հաճախ ասել․ «Որ ամուսնանաս, ամուսինդ թույլ չի տա այդ գործն անել», կամ` «Որ գնաս, ո՞վ պիտի զարգացնի բիզնեսդ»։ Ես, իհարկե, այստեղից գնալու միտք չունեմ, և եթե գնամ էլ, դա իմ բիզնեսի վրա չի անդրադառնա։ Ուզում եմ, որ մեր երիտասարդները մեր մարզում զարգանալու ու առաջ գնալու հնարավորություններ տեսնեն»։

Խմալաձեն աշխատանքը համատեղում է նաև կամավորության հետ։ «Ռադիո Նոր» լրատվական ընկերությունում լրագրող է, 6 տարի է արդեն, որ կամավոր է Նինոծմինդա  քաղաքում գործող «Նորարարական գիտելիքների հաբ»-ում։ Աղջիկը նշում է․ «Ինքս էլ փորձում  եմ նախագծեր անել, ոչ միայն  մասնակցել դրանց, որպեսզի նպաստեմ իմ համայնքի զարգացմանը»։

Խոսելով ապագայի մասին, Մզիսա Խմալաձեն ասում է, որ հիմնական նպատակը նպաստելն է համայնքի զարգացմանը։ Մյուսներին խորհուրդ է տալիս լինել ավելի համարձակ, ունենալ սեփական կարծիք ու գաղափարներ։

«Մտածեք ու իրագործեք», — կոչ է անում աղջիկը։