2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել, գրում է BusinessPressNews-ը:
Ըստ տվյալների՝ 3 ամսում Վրաստանից վերավաճառվել է 411,7 մլն դոլարի 22 հազար 391 տրանսպորտային միջոց։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 10 հազար 973 միավոր` 94,8 մլն դոլար արժողությամբ։
Ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղ, 112 տոկոսով բարձրացել է նաև վերաարտահանվող ավտոմեքենայի գինը։ Մասնավորապես, եթե 2022 թվականի 3 ամսում վերաարտահանված ավտոմեքենայի միավորի գինը միջին հաշվով կազմել է 8 650 դոլար, ապա այս տարի դրա գինը բարձրացել է մինչև 18 հազար 400 դոլար։ Հետևաբար, պարզվում է, որ ներկրող երկրներում հիմնական պահանջարկը թանկարժեք մեքենաներն են։
Վրաստանն ամենաշատ ավտոմեքենա է վաճառել հետևյալ երկրներին.
- Ադրբեջան՝ 7 348 միավոր՝ 99,6 մլն դոլար արժողությամբ,
- Հայաստան՝ 4 845 միավոր՝ 87,2 մլն դոլար արժողությամբ,
- Ղազախստան՝ 4 757 միավոր՝ 87,1 մլն դոլար արժողությամբ,
- Ղրղզստան՝ 2 398 միավոր՝ 87,1 մլն դոլար արժողությամբ,
- Ռուսաստան՝ 1 544 միավոր՝ 21,6 մլն դոլար արժողությամբ,
- Տաջիկստան՝ 815 միավոր՝ 8,1 մլն դոլար արժողությամբ,
- Բելգիա՝ 119 միավոր՝ 5,7 մլն դոլար արժողությամբ,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 61 միավոր՝ 5,1 մլն դոլար արժողությամբ,
- Ուկրաինա՝ 189 միավոր՝ 3,3 մլն դոլար արժողությամբ,
- Չինաստան՝ 33 միավոր՝ 1,4 մլն դոլար արժողությամբ:
Ի դեպ, արտաքին առևտրի պորտալում տվյալները հասանելի են 2014 թվականից։ Թեթև մեքենաների 2023 թվականի 3 ամիսների վերաարտահանման տվյալները 9 տարվա համեմատ ռեկորդային են և՛ քանակական, և՛ դրամական առումով։