Թեմուր Քաթամաձեն տեղափոխվել է բուժհաստատություն

Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն, որ արդեն 48 օր հացադուլի մեջ է, տեղափոխվել է բուժհաստատություն։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA)։

«Նրա վերջին բուժզննումն անցկացվել է 2025 թվականի փետրվարի 15-ին, երբ նրան տեղափոխել են բուժհաստատություն՝ ստուգման: Այդ ժամանակ, չնայած իր խնդրանքին, մերժել են հոսպիտալացումն ու նույն օրը վերադարձրել ժամանակավոր տեղաբաշխման կենտրոն», — նշված է հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ն GYLA-ին տեղեկություն չի տրամադրել փետրվարի 9-ից հետո նրա առողջական վիճակի մասին, ոչ էլ բժշկական փաստաթղթերը փետրվարի 15-ին բուժհաստատությունում անցկացված հետազոտությունների և արդյունքների մասին։

Ինչպես նշում է ինքը՝ Թեմուր Քաթամաձեն, հացադուլի ընթացքում արդեն նիհարել է ավելի քան 20 կիլոգրամ, իրեն թույլ է զգում և դժվարանում է տեղաշարժվել, ինչի պատճառով երեկ համաձայնել է տեղափոխվել կլինիկա՝ առողջական վիճակը ստուգելու համար։

Հիշեցնենք. Թեմուր Քաթամաձեն ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում ցույցի ժամանակ` Վրաստանի Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով` ոստիկանության պահանջին չենթարկվելը։ Նրան դատապարտել են 5-օրյա կալանքի։ Երբ հունվարի 16-ին նա դուրս է եկել մեկուսարանից, կրկին ձերբակալվել է, և այժմ նրան Վրաստանից արտաքսում է սպառնում։