
Թելավիի քաղաքապետարանը միավորված ընդդիմությանը ակցիա անցկացնելու համար այլընտրանքային տարածք է առաջարկել։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Թելավիի քաղաքապետ Շոթա Նարեկլիշվիլին:
Նրա խոսքով, վայրը, որը միավորված ընդդիմությունը ընտրել է ակցիա անցկացնելու համար, գտնվում է նախագահի երդմնակալության արարողության տարածքի շրջանակներում և վերցված է պետական վերահսկողության տակ:
«Ընդդիմությանը առաջարկած այլընտրանքային տարածքը ապրիլի 9-ի հուշահամալիրի հարևանությամբ է, այս մասին տեղեկացրել ու նամակ ենք ուղարկել»- հայտարարել է Նարեկլիշվիլին:
Ընդդիմությունը դեռևս չի մեկնաբանել քաղաքապետարանի որոշումը։ Հիշեցնենք, որ միավորված ընդդիմությունը, որ չի ընդունում նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել: