Թբիլիսյան զարգացումներ. դեկտեմբերի 3-4

Դեկտեմբերի 3-ի լույս 4-ին՝ եվրոպամետ ցույցերի վեցերորդ գիշերը, Թբիլիսիում կրքերը չէին հանդարտվում: Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցներն ու հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար օգտագործում էին ջրի շիթեր, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, ռետինե փամփուշտ և այլ բիրտ միջոցներ:

Չնայած դրան՝ ցուցարարներին ողջ գիշերվա ընթացքում չհաջողվեց ցրել: Ի նշան բողոքի՝ նրանք հրավառություն էին անում, խարույկ վառում՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:

Դեկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ վարչական կարգով բերման է ենթարկվել 293 անձ։ Դատարանն արդեն վերանայել է 89 գործ, որից 43-ի նկատմամբ կիրառվել է տուգանք, 41-ի նկատմամբ՝ վարչական կալանք, 5-ի նկատմամբ՝ ծանուցում։ Ըստ ՆԳՆ-ի՝ գերատեսչության 143 աշխատակիցներ տարբեր տեսակի ծանր վնասվածքներ են ստացել։

Ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 29-30-ին

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, ըստ ժամանակագրության՝ ներկայացնում է դեկտեմբերի 3-4-ի խաղաղ ցույցի բռնի ցրումը:

ՆԳՆ-ն բիրտ ուժով ցույցը ցրել սկսեց հասարակական տրանսպորտի կանգառից մի քանի րոպե առաջ՝ ժամը 23։30-ի սահմաններում, նախ՝ ջրի շիթերով, հետո՝ օդում արցունքաբեր գազի կիրառմամբ: Չնայած որոշ ցուցարարների նահանջին՝ հազարավոր ցուցարարներ շարունակում էին մնալ Ռուսթավելիի անվան թատրոնից մինչև նախկին փոստի շենքն ընկած հատվածում։

Հանրահավաքի մասնակիցները, որոնց ոստիկանությունը ցրել է ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով, երթ են կազմակերպել Ռուսթավելի պողոտայից դեպի մայրաքաղաքի մետրոյի «Դելիսի» կայարան։ Այդ պատճառով Հերոսների հրապարակում, Մելիքիշվիլի, Կոստավա, Պեկինի և Շարտավայի փողոցներում երթևեկությունը կաթվածահար էր:

Հանրահավաքի մասնակիցները ցանկանում էին գնալ պետական ​​անվտանգության ծառայություն, սակայն ոստիկանների հայտնվելու մասին տեղեկություն ստանալուց հետո երթն ավարտվեց Վաժա-Փշավելա պողոտայում՝ մետրոյի «Դելիսի» կայարանի մոտ։

Ոստիկանությունը ժամը 03:30-ից վերսկսել է խորհրդարանի հարակից տարածքում հավաքի մասնակիցների ցրումը։ Բերման ենթարկեցին հանրահավաքի մի քանի մասնակիցների։

Այնուհետև մոտ 2 ժամ ցուցարարները շարունակում էին կաթվածահար պահել Թբիլիսիի տարբեր փողոցներ:

Բողոքի ցույցն ավարտվեց դեկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 06:00-ին մետրոյի «Դելիսի» կայարանում՝ հրավառությամբ։

Ինչից սկսվեց ամենը

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան վերջիններս դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։