Թբիլիսիում դեկտեմբերի 1-ի լույս դեկտեմբերի 2-ի գիշերը եվրոպամետ ցույցերը ցրելու համար ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ավելի դաժան մարտավարություն է կիրառել:
Արցունքաբեր գազի, ջրցան մեքենայի կիրառումից և ցուցարարներին Ռուսթավելիից արտաքսումից հետո ՆԳՆ դիմակավորված աշխատակիցները նահանջած ցույցի մասնակիցներին արգելափակել են Հանրապետության հրապարակում, Կոստավայի փողոցում և մետրոյի «Ռուսթավելի» կայարանի վերնամասում:
Բռնության են ենթարկվել ինչպես ցուցարարներ, այնպես էլ լրագրողներ: ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ցույցերի սկզբից ի վեր 200-ից ավելի բերման ենթարկված կա, դեկտեմբերի 1-2-ը տուժել է ՆԳՆ-ի 21 աշխատակից, իսկ բողոքի ցուցերի մեկնարկից ի վեր՝ 113-ը։
Ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 29-30-ին
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, ըստ ժամանակագրության՝ ներկայացնում է դեկտեմբերի 1-2-ի խաղաղ ցույցի բռնի ցրումը:
Երեք ժամ շարունակ ՆԳՆ աշխատակիցները ջրի շիթեր են կիրառել խորհրդարանի դիմաց հավաքված հանրահավաքի մասնակիցների դեմ՝ թույլ չտալու մոտենալ խորհրդարանի շենքին։ Խորհրդարանի շենքից արձակված ջրի շիրթերն ուղղված էր նաև Ճիճինաձեի փողոցում հավաքվածների վրա։
Ցույցը բռնի ցրելու ակտիվ փուլը սկսվել է դեկտեմբերի 2-ի ժամը 02:00-ին։ ՆԳՆ-ն օգտագործել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և պղպեղի սփրեյ։
Դրանից հետո, մինչև առավոտյան ժամը 06:30-ը, ցուցարարները բարիկադներ են կանգնեցրել Ռուսթավելիի պողոտայի երկու հատվածներում, կրակ վառել:
Միաժամանակ հատուկջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկելու համար։
Ցուցարարների մի մասը պատսպարվել է մետրոյի «Ռուսթավելի» կայարանում։ Ոստիկանները նրանց հետապնդել են նաև մետրոյում։ Հանրապետության հրապարակի մոտ հավաքի մասնակիցները բերման են ենթարկվել: Դիմակավորված ՆԳՆ աշխատակիցները քաղաքացիներին հետապնդել են, բռնություն կիրառել նրանց նկատմաբ, որոշներին բերման ենթարկել:
Չնայած ՆԳՆ-ի բռնի գործողություններին ողջ գիշերվա ընթացքում չհաջողվեց գրել ցույցը. քաղաքացիները մինչև լուսաբաց Թբիլիսիի փողոցներում անհնազանդության ցույցեր են անցկացնում. ցույցը շարունակվում է:
Ինչից սկսվեց ամենը
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։