Թբիլիսիում քննարկում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեի օրեր առաջ Բաքվում արած հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափի մշակում է առաջարկել։ Փորձագետներն ասում են՝ այս փուլում, երբ «Վրացական երազանք»-ը բացեիբաց բռնապետության ուղղությամբ է շարժվում, թբիլիսյան հարթակը չի բխում ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի շահերից:
Ըստ փորձագետների՝ թբիլիսյան հարթակը Վրաստանի և Հայաստանի շահերից կբխի միայն այն դեպքում, երբ Վրաստանում լինի արևմտամետ իշխանություն, քանի որ միայն Արևմուտքը կարող է բալանսավորել Թբիլիսի-Երևան-Բաքու ձևաչափը. այլ դեպքում՝ Թբիլիսին ուժ չունի բալանսավորելու, հետևաբար՝ կսպասարկի ռուս-թուրքական շահերը:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ թբիլիսյան հարթակի ստեղծումը ռուս-թուրքական նպատակ և քայլ է, որը ցանկանում են ստեղծել Վրաստանին օգտագործելով:
Թումասյանի դիտարկմամբ՝ սրա նպատակն է արևմտյան հարթակները՝ Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակները, փոխարինել Թբիլիսիով, որը կարծես «չեզոք» հարթակ է, բայց իրականում Թբիլիսին չեզոք հարթակ չէ, սպասարկում է թուրք-ռուսական շահերը: Փորձագետը պնդում է՝ թբիլիսյան հարթակը կարող է բխել Թբիլիսիի շահերից, եթե Վրաստանը լինի Արևմուտքի դաշնակիցը:
«Քանի որ Վրաստանը հակաարևմտյան ուժ է, սա չի բխում Վրաստանի շահերից, որովհետև Վրաստանն այդքան քաղաքական կշիռ չունի, որպեսզի բալանսավորի Հայաստանին ու Ադրբեջանին: Ընդհակառակը, այս եռյակում ամենահզորն Ադրբեջանն է ստացվում, Վրաստանն առանց Արևմուտքի կշիռ չունի: Երբ բանակցություններ են անցկացվում Վաշինգտոնում կամ Բրյուսելում, Ադրբեջանը շատ ավելի զսպված է, քանի որ դիմացը նստած է ավելի ուժեղ և արժեքներ ունեցող պետություն. իսկ Վրաստանի արժեքն այսօրվա իշխանությունների օրոք ո՞րն է, ի՞նչ արժեքներ ունի: Ապագայում, երբ իշխանությունում լինեն պետականամետ ուժեր, Վրաստանը, իհարկե, կկարողանա լինել հարթակ», — ասաց Թումասյանը:
Թումասյանն ընդգծեց՝ Վրաստանի այսօրվա իշխանությունների օրոք թբիլիսյան հարթակը չի սպասարկի ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի շահերը:
«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր, վերլուծաբան Լելա Ջեջելավան «Վրացական երազանք»-ի «խաղաղության նախաձեռնություններն» անհասկանալի որակեց: Ըստ նրա՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ցանկանում հարթակ դառնալ երկու հակամարտող հարևանների համար` այն դեպքում, երբ լեգիտիմություն չունի, իսկ երկրում ամիսներ շարունակ խոր բևեռացում է:
Ջեջելավան նկատեց՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դեպի Արևմուտք ինտեգրացիան և ԱՄՆ-ի հետ ստորագրած ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, այլ իրականություն է ստեղծում տարածաշրջանի համար:
«Ցավալի է, որ «Վրացական երազանք»-ի քաղաքական կուրսի փոփոխության պատճառվ կորցնում ենք այն պատմական հնարավորությունը, որ կարող էինք (Վրաստանը և Հայաստանը- հեղ.) միասին լինել միևնույն քաղաքական վեկտորի շուրջը: Ցավոք, այս փուլում սա անհնար է, բայց վստահ եմ՝ երբ նոր ընտրություններ անցկացվեն Վրաստանում, և իշխանությունը փոխվի, այդ հնարավորության պատուհանը նորից կբացվի», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Ջեջելավան:
Ջեջելավան վստահ է՝ Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո նոր թարմություն կհաղորդվի ինչպես Վրաստան-Հայաստան հարաբերություններին, այնպես էլ եռակողմ՝ Թբիլիսի-Երևան-Բաքու հարթակի նոր հնարավորություներ կբացվեն:
Նշենք, որ 2020 թվականի ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո պաշտոնական Թբիլիսին բազմից հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի համար հարթակ հանդիսանալու առաջարկությամբ: Մասնավորապես, տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) 2021 թվականին կայացած առաջին նիստին Վրաստանը չմասնակցեց, մերժեց այդ նախաձեռնությունը, փոխարենը ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման բանակցությունների և քննարկումների համար հարևաններին շարունակում էր առաջարկել իր հարթակը, անգամ՝ նույն տարվա ամռանը ԱՄՆ-ի մասնակցությամբ միջնորդել է 15 հայ գերիների վերադարձը Հայաստան` Ադրբեջանի կողմից վերահսկվող ականապատ տարածքների քարտեզների դիմաց:
Հենց այդ ժամանակ, երբ Թբիլիսին Արևմուտքին կողքին էր, փորձագետները դրական էին գնահատում թբիլիսյան հարթակի ստեղծումը, ասում էին՝ դրական նախադեպ են համարում «3+3» հարթակը «Թբիլիսյան»-ի վերափոխելու հնարավորությունը: