Թբիլիսյան ցույցերի կադրերը՝ Թուրքիայի ցույցերի մասին Էրդողանի տեսանյութում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերը։ Տեսանյութում պատահաբար ներառվել են Թբիլիսիում Ճիճինաձեի փողոցի և խորհրդարանի հետնամուտքի մոտ ընթացած բողոքի ցույցը ցրելու կադրերը:

Էրդողանի հրապարակած տեսանյութում խոսվում է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների՝ ոստիկանության դեմ մարդկանց հրահրելու մասին։ Հոլովակում տեղ են գտել նաև թուրք ընդդիմադիր գործիչների ելույթներից հատվածներ։

Մինչ Թբիլիսիի բողոքի ցույցի կադրերը (կադրերը կարող եք դիտել 4:16-ին), տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես ընդդիմության առաջնորդները չկարողացան արձագանքել կոռուպցիայի և ահաբեկության մեղադրանքներին և փոխարենը դիմակավորված խմբերին դուրս բերեցին փողոցներ՝ բռնություն գործադրելով ոստիկանության նկատմամբ:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին թուրքական իշխանությունները կոռուպցիայի և ահաբեկության հետաքննության շրջանակներում ձերբակալել և բանտարկել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակցին։

Ձերբակալվելուց անմիջապես հետո Իմամօղլուն պաշտոնապես հեռացվեց պաշտոնից, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Նուրի Ասլանը, որ ներկայումս Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատարն է։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախնական ընտրություններում։ Մարտի 23-ին տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններին մասնակցել է 15 միլիոն մարդ, որոնցից 13 միլիոն 211 հազարն ընտրել է Իմամօղլուին որպես 2028 թվականի նախագահի թեկնածու։

Ձերբակալությունները տեղի են ունեցել նախագահի թեկնածուների առաջադրումից մի քանի օր առաջ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) պետք է առաջադրեր Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու։ Մեկ օր առաջ Ստամբուլի համալսարանը չեղարկել է Իմամօղլուի դիպլոմը՝ փաստացիորեն զրկելով հանրաճանաչ ընդդիմադիր գործչին նախագահական ընտրություններին մասնակցությունից։

Անկարայի նահանգապետարանը մարտի 26-ից ապրիլի 1-ն արգելել է զանգվածային ցույցերը, հավաքներն ու ցույցերը։ Մարտի 26-ի տվյալներով՝ Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1400-ը։