«Թբիլիսոբա»-ն՝ հոկտեմբերի 5-ին և 6-ին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, այս տարի կնշվի հոկտեմբերի 5-ին և 6-ին, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքապետն ասել է՝ «Թբիլիսոբա»-ի միջոցառումները կանցկացվեն «Ռիկղե» այգում և Օրբելիանիի հրապարակում:

«Նախատեսված են շատ հետաքրքիր միջոցառումներ, որոնց մասին մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում՝ ինչ համերգներ են լինելու, ովքեր են մասնակցելու, ինչ ժամանցային միջոցառումներ են լինելու և այլն»,- ասել է Կալաձեն:

Նշենք, որ «Թբիլիսոբա»-ի տոնակատարության համար այս տարի կծախսվի 3,5 մլն լարի։ Միջոցառումների կազմակերպման հարցով Թբիլիսիի քաղաքապետարանը դիմել էր Գնումների գործակալությանը: