«Թբիլիսոբա»-ի տոնակատարության համար այս տարի կծախսվի 3,5 մլն լարի։ Միջոցառումների կազմակերպման հարցով Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն դիմել է Գնումների գործակալությանը, գրել է bm.ge-ն։
«Թբիլիսոբա»-ն կնշվի հոկտեմբերի առաջին շաբաթավերջին երկու օր՝ 5-ին և 6-ին։ Տոնական բյուջեն, նախորդ տարվա համեմատ, 400 հազարով ավելի է։ Քաղաքապետարանը պետական գերատեսչությանը խնդրել է, որ բոլոր գնումները կատարվեն պարզեցված ընթացակարգով։ Նույն պրակտիկան կար նախորդ տարիներին։
Տոնական միջոցառումներ տեղի կունենան Օրբելիանիի հրապարակի տարածքում և «Ռիկղե» այգում։ Այնտեղ կներկայացվեն տարբեր ինստալացիաներ և դեկորացիաներ, ֆոտոգոտիներ, սպորտային և մշակութային տարածքներ, ցուցահանդեսային տաղավարներ։ Կլինեն տարբեր ժանրերի կատարողների ելույթներ, թատերական ներկայացումներ, ժամանցային միջոցառումներ, «զրույցներ բակերում»։
«Թբիլիսոբա»-ի շրջանակներում կանցկացվեն նաև «Քաղցրավենիքի փառատոն», «Taste Tbilisi» սննդի փողոցային շուկա և այլ գաստրոնոմիական տոնավաճառներ։
«Թբիլիսոբա»-ն աշնանային տոն է Վրաստանի մայրաքաղաքում, առնչվում է բերքահավաքին։ Տոնը նշվում է 1979 թվականից։